Սաֆարյանը հաստատ առաջադրվելու է

Եթե Ռուբեն Հայրապետյանը որոշեր, որ ինքը չի հրաժարվում մանդատից, այսօր չէր ընթերցվի նրա հրաժարականի դիմումը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընթերցված՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած դիմումին:

«Եթե մանդատը վայր չդնելու ցանկություն լիներ, վերջին հաշվով, խոսակցության փակման համար ավելի հարմար տարբերակ կլիներ, որ չընթերցվեր այս հայտարարությունը: Իսկ հիմա հայտարարե՞լ հրաժարականի մասին ու 15 օրվա ընթացքում ե՞տ վերցնել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը վայր կդնի մանդատը»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Նա մեզ հետ զրույցում վերահաստատեց իր որոշում, որ պատրաստվում է առաջադրվել թիվ 1ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել էին Ստյոպա Սաֆարյանը (նա ստացել էր 9328 ձայն), ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը (5206 ձայն) և ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը (19.442 ձայն):

Հիշեցնենք, որ ձայների մեծամասնություն ստացած Ռ. Հայրապետյանը մանդատից հրաժարվելու դիմումը ԱԺ է ներկայացրել հուլիսի 4-ին՝ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում իր թիկնապահների կողմից հունիսի 17-ին ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքից ու հասարակական մեծ արձագանքից հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս