Բաժիններ՝

Ակադեմիայի աշխատակիցների համար բնակելի շենք կկառուցվի

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) աշխատակիցների համար բնակելի շենք կկառուցվի: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը: Նրա խոսքով` կառուցվող նոր շենքը կգտնվի ՀՀ ԳԱԱ  Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տարածքում:

«Սա բավական լուրջ և մեծ ծրագիր է, արդեն կա կառավարության որոշումը, տեղը հատկացված է, ներկայումս ծրագիրը գտնվում է թղթային փուլում: Երբ այդ տարածքը վերջնական կդառնա մերը, դրանից հետո կսկսվի բուն շինարարությունը»,- ասաց Հ. Մաթևոսյանը՝  նշելով, որ շենք կառուցելու գաղափարն Ակադեմիայինն էր, որի համար ստացել են նաև ՀՀ նախագահի և կառավարության աջակցությունը:

Ըստ ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի տնօրենի՝ շինության համար մեկնարկային գումարները կներդնի հիմնադրամը, իսկ այնուհետև մարդիկ, ովքեր ցանկություն կունենան այդ  բնակարանները ստանալու, իրենք ևս ֆինանսական մասնակցություն կունենան: Նոր շենքի բնակարանների գները պարզապես, ըստ Հ. Մաթևոսյանի՝  ներկայիս շուկայական գներից շատ ավելի էժան  են լինելու, հնարավորինս մատչելի: «Ակադեմիայի աշխատողների համար նախատեսված նոր բնակելի շենքը նախատեսված է մոտ 60 ընտանիքների համար»,- ասաց Հ. Մաթևոսյանը:

Հարցին, թե ի՞նչ տարիքի կամ գիտական ինչպիսի՞ կոչում ունեցող մարդկանց համար է լինելու նոր շինությունը, Հ. Մաթևոսյանը  պատասխանեց. «Ոչ տարիքը, և ոչ էլ կոչումը նշանակություն չունեն, միակ չափանիշն Ակադեմիայի համակարգի աշխատակից լինելն է, քանի որ շենքն Ակադեմիայում աշխատող գիտնականների համար է լինելու»: Ակադեմիայում աշխատողների քանակը շատ ավելին է, քան նախատեսված բնակարանների քանակը: Այդ դեպքում ինչպե՞ս է կատարվելու բնակարան ցանկացողների ընտրությունը: Այս կապակցությամբ  Հ. Մաթևոսյանն ասաց. «Ընտրություն կանենք, ով ավելի շատ կունենա դրա կարիքը` նրան էլ կտրամադրենք»:  Հ. Մաթևոսյանի խոսքով՝ այս ծրագիրը կլինի առաջինը, և հաջող ավարտի դեպքում՝ կարող է նաև շարունակություն ունենալ:

ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ուշ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս