Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ խնդիրները հարթելու հարցում Շվեյցարիայի միջնորդությունը

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում իր շվեյցարացի գործընկեր Դիդիե Բուրկհալթերն օգնություն է առաջարկել Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ խզված հարաբերությունները հարթելու գործում։

«Հունգարիան ընդունել է ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման պատճառով Հայաստանի հետ վեճը հարթելու հարցում Շվեցարիայի միջնորդական առաջարկը»,- Հունգարիայի պետական ռադիոյի եթերում այսօր հայտարարել է Մարտոնին, – «Շվեցարիան՝ իբրեւ չեզոք երկիր, ավանդաբար հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, եւ Հունգարիան բոլոր հնարավոր ձեւերը պետք է օգտագործի՝ Հայաստանի հետ լարվածությունը թուլացնելու համար»։

Հունգարիայի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը «խախտել է խոստումը» եւ ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին։

Մարտոնին կարծիք է հայտնել, որ այդ «ցավալի փաստը պետք է դատապարտվի»։

«Այժմ ամենակարեւորն այն է, որպեսզի հայերը հասկանան՝ Հունգարիան նրանց միշտ համարել է բարեկամ», – ասել է Հունգարիայի արտգործնախարարը։

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել է Ադրբեջանին եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիեւի կողմից: Ի պատասխան՝ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս