Շտապօգնությունը, կանչ տված մարդուց արձագանք չստանալով, թողել ու հեռացել է
Դժբախտ դեպք է տեղի ունեցել երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Երևանում: Ժամը 16.19-ին «1-03» ծառայության ավագ բժշկից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 21-րդ բնակարանի բնակչից ահազանգ է ստացվել, թե ինքը վատառողջ է, անհրաժեշտ է բուժօգնություն: Շտապօգնության աշխատակիցները հասել են կանչի վայր, սակայն բնակիչը չի արձագանքել և նրանք հետ են վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-02» ծառայության հերթապահը: Պարզվել է, որ տուժողը Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 121-րդ բնակարանի բնակիչն է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները, մուտք գործելով բնակարան, միջանցքում հայտնաբերել են 1948թ. ծնված Կ. Բախշինյանի դին: