Թուրքերը ֆրանսիական դասագրքերից փորձում են մաքրել իրենց հեղած արյան հետքերը
Թուրքիայում շարունակում է աղմուկը` կապված Ֆրանսիայի հանրակրթական դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանը վերաբերվող խորացված դասի հետ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական դպրոցների չորրորդ դասարանի համար նախատեսված պատմության և աշխարհագրության դասագրքերում երկու էջ է հատկացվել Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը:Մատուցվող նյութն ուղեկցվում է նաև լուսանկարներով: Նախկինում ևս ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանությանը տեղ է եղել հատկացված, սակայն այս ուսումնական տարվանից այն մատուցվում է անհամեմատ մեծ ծավալով և խորը:
Այս ամենը, բնականաբար, չի անցել առանց թուրքերի բարձրացրած աղմուկի: Այս անգամ էլ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, թե «դասագրքում օգտագործվել է Թալեաթ փաշայի կեղծ հրամանը»:
Պաշտոնական Անկարան պնդում է, որ «փաստերն աղավաղված են ներկայացվում, ինչպես նաև վիրավորում են թուրքական ծագում ունեցող աշակերտներին, ովքեր ֆրանսիական դպրոցներում այդ դասագրքերով են սովորելու»:
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը նաև արդեն նոտա հղել այդ երկրի արտգործնախարարությանն այս կապակցությամբ:
Նշենք, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ գործադրում է ակտիվ ջանքեր` ժխտելու Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական և զեղծարար քաղաքականությունը շարունակում են նաև մեր օրերում: