Երևանում բացվեցին ոստիկանական նոր հենակետեր
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է ոստիկանական հենակետերի միջոցով:
Հաստատված ժամանակացույցով սեպտեմբերի 4-ին մայրաքաղաքի Էրեբունու և Մաշտոցի համայնքներում բացվեց ևս երկու հենակետ:
Բացման արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ բացումը կատարեցին հենց բնակիչները, և դա խորհրդանշական է. համայնքային ծառայությունը չի կարող կենսագործվել առանց ոստիկանության ու հասարակության սերտ համագործակցության:
Շնորհավորելով բնակիչներին՝ հենակետերի բացման առթիվ՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց համայնքային ոստիկանության նշանակությունը ինչպես ոստիկանության գլխավոր գործառույթների՝ հասարակությանը ծառայություն մատուցելու և հանցավորության դեմ պայքարի իրականացման գործում, այնպես էլ ոստիկանության հանդեպ հանրային վստահության և հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման առումով:
Ուրախալի է, որ հենակետերի նշանակությունն ընդունվում ու դրական է գնահատվում հասարակության կողմից: Մարդիկ համայնքային ոստիկանին սկսում են ընկալել որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու: Համայնքային ոստիկանը պարտավոր է արդարացնել բնակչի վստահությունը` ծառայությունը կազմակերպելով նոր եղանակներով, նորովի գնահատելով ոստիկանություն-հասարակություն հարաբերություններն ու իր առաքելությունը:
Համայնքային ոստիկանության ծառայության կազմակերպումն, ըստ էության, վերաճում է շատ ավելի ընդգրկուն ու խորքային գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է ոստիկանության արմատական և անշրջելի բարեփոխումը, ոստիկանություն, որի գործունեությունը լինելու է մարդակենտրոն, նպատակը` հասարակությանը ծառայություն մատուցելը, գերխնդիրը` արդար ու ապահով իրականության
հաստատումն ու պահպանումը: Եվ բնակչությունը պատրաստակամ է մասնակցելու այդպիսի ոստիկանության ձևավորմանը: Դա, լինելով ոստիկանական ծառայության խնդիր, նաև ու առավել՝ հասարակության ցանկությունն ու նպատակն է: