Նոր մեղադրող` Զաքյան փողոցում կատարված սպանության գործով

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան), Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով այսօրվա նիստը տեղի չի ունեցել: Արձակուրդի մեջ գտնվող մեղադրող Արմեն Աֆանդյանի փոխարեն դատարանում մեղադրանքը կպաշտպանի նոր մեղադրող Վահագն Պողոսյանը, ով դատարանից ժամանակ խնդրել է գործին ծանոթանալու համար: Դատաքննությունը հետաձգվել էմինչև սեպտեմբերի 25-ը:

Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Նախորդ նիստում ցուցմունքներով հանդես էր եկել ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը և հայտարարել, որ առհասարակ որևէ կապ չունի սպանության հետ և դրա մասին իմացել է գործով մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանից, այն էլ այն բանից հետո, երբ նա մեղայականով ներկայացել էր ոստիկանություն:

Վահրամ Մարգարյանը Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է: Գործն, ինչպես հայտնի է, նոր հնչեղություն է ստացել հանցագործին Ադրբեջանին արտահանձնելու ու այնտեղ նրան ներում շնորհելու պատճառով:

Դատարանի շենքի դիմաց ի զորակցություն Վահրամ Մարգարյանի բողոքի ցույց էր կազմակերպվել: Ցուցարարները պարզել էին Գուրգեն Մարգարյանի լուսանկարը և «Գուրգեն Մարգարյանի եղբայրն անմեղ է» պաստառները:

Տեսանյութեր

Լրահոս