Լևոնն ու Պուտինը

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու դրան հետևած իրադարձությունները դատապարտող հայտարարություններով վերջին օրերին հանդես եկան բոլոր այն գործիչներն ու միավորները, որոնց հանրային ու քաղաքական կարգավիճակը պարտավորեցնում է չլռել նման աննախադեպ իրավիճակներում: Խոսքն, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ, բնականաբար և առաջին հերթին` Հայաստանում գործող քաղաքական ուժերի ու գործիչների մասին է:

Սաֆարովին արտահանձնելու և հերոսացնելու քայլն այսօր դատապարտեց նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ դրանից առաջ` Ռոբերտ Քոչարյանը, ով շատ հազվադեպ է հրապարակային որևէ կարծիք հայտնում: Սակայն,  եթե վերջինս իր պասիվությունը կարող է արդարացնել ակտիվ քաղաքականության մեջ ֆորմալ առումով ներգրավված չլինելու հանգամանքով, ապա ՀՀ առաջին և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը, մեղմ ասած, զարմանալի է: Հատկապես, որ վերջինս հանդիսանում է քաղաքական դաշտի ամենաակտիվ և, ինչպես պնդում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ամենաարմատական ու հուժկու ուժի առաջնորդն է:

Նա անհիշելի ժամանակներից որևէ հրապարակային դիրքորոշում չի արտահայտել` բացառությամբ ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությանը և նրա առաջնորդին տված գնահատականների:

Հազիվ թե Լ. Տեր-Պետրոսյանն այս հարցի առնչությամբ ասելիք չունենա: Նման իրադարձությունները քաղաքական օրակարգը սպառած միավորների համար առնվազն լավ հնարավորություն են՝ «ավազակապետությանը ևս մեկ հարված հասցնելու» համար: Ավելի հավանական է, որ այդ ասելիքը Լ. Տեր-Պետրոսյանը պահել է առաջիկայում կայանալիք հանրահավաքի համար: Թեև հանրահավաքի ժամկետը դեռ անորոշ է, սակայն ՀԱԿ-ը ստիպված է լինելու անցկացնել այն` պայմանավորված քաղաքական սեզոնի մեկնարկով:

Մյուս կողմից, սակայն, Լ. Տեր-Պետրոսյանի լռությունը կարելի է բնական կամ օրինաչափ համարել՝ այն իմաստով, որ Սաֆարովի գործի մասին արդեն արտահայտվել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը, որոնցից մեկի հետ՝ քողարկված, մյուսի հետ` բացահայտ, ՀԱԿ առաջնորդը համագործակցում է «միասնական ընդդիմության» տրամաբանության շրջանակներում:

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ այս թեմայի վերաբերյալ «մեծերից» կարծիք չեն հայտնել միայն Վլադիմիր Պուտինն ու Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս