Սերժ Սարգսյանը խնդրել է երիտասարդներին` չայրել Հունգարիայի դրոշը

Այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ, ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով, ասել է.

«Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ:

Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները»:

Տեսանյութեր

Լրահոս