
Որպես ռազմական գործիչ, ես զգում եմ օդում վառոդի հոտը. Արկադի Տեր-Թադևոսյան

Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:
«Ես, վերլուծելով և համեմատելով եղածը, թե ինչ է կատարվել, հասկանում եմ, որ պետությունը պատրաստվում է պատերազմի: Որպես ռազմական գործիչ, ես զգում եմ օդում վառոդի հոտը»,-հրավիրված ասուլիսին ասաց նա:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի այս մտադրությանը մասնակից է նաև Թուրքիան. «Ադրբեջանը, Հունգարիան և Թուրքիան մտածված քայլ են արել: Չի կարելի հավատալ, որ Թուրքիան անտեղյակ էր այս օպերացիայից, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2011թ. հոկտեմբերի 29-ին պայմանագիր է ստորագրվել, որով Ադրբեջանը պարտավորվում է արտաքին հարաբերություններում քայլ չանել առանց Թուրքիայի իմացության»,- որպես իր խոսքերի հիմանվորում բերեց նա:
Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ այս երկու՝ մեծ ու կրտսեր եղբայր պետությունները մտածում են արդեն երկրորդ քայլի մասին, իսկ այդ ծրագիրը նրանք արդեն իսկ ունեն: «Երկրորդ քայլով նրանք կփորձեն մի քանի հարցեր լուծել, որոնք դրվում են զինվորական օրենքների վրա: Ադրբեջանն ունի բանակ, բայց պետությունը հասարակության առջև չունի հեղինակություն: Այս քայլով Ալիևն ասում է, որ տեսե՛ք, ես խոսք եմ տվել ու խոսքս կատարել: Դրանով իր վարկանիշը բարձրանում է: Մնում է մի հատ էլ վարկանիշ բարձացնի: Նա պետք է հասարակությանը պատրաստի ԼՂՀ հարցը լուծելու համար»,- նշեց նա:
Զինվորականը, հիշեցնելով Ադրբեջանի ձեռագիրը, նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի դեպքը, երբ հայի ձեռքով Ադրբեջանը փորձ արեց սպանել քաղաքագետին, ինչը, բարեբախտաբար, հաջող ավարտ ունեցավ մեզ համար: «Համեմատելով անցածի հետ, Ադրբեջանը շատ հնարավոր է՝ հեշտ քայլով վերացնի Սաֆարովին, այն էլ հայի ձեռքով: Որպեսզի ցույց տա ոչ միայն միջազգային հանրությանը, այլ առաջնահերթ՝ իր ժողովրդին, թե «մեր հերոսին հայ մարդը վերացրել է»»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանն իր կեղտը Հայաստանի գլխին չկապի: «Մենք կտրուկ քայլ պետք է անենք: Պետք է հայտարարել, որ ԼՂՀ անկախությունը ճանաչում ենք: Ինչպես նաև պետք է միջազգային հանրությանը ասել, որ մենք չենք տա Ղարաբաղը այնպիսի պետության, որտեղ կացինով քնած մարդուն սպանողին հերոս են դարձնում»,- ասաց նա և վերջում ամեն դեպքում հավատացրեց, որ թեև մենք պատրաստ ենք ռազմական գործողությանը, բայց դա, իհարկե, ցանկալի չէ: