Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են ազերի հանցագորին ազատ արձակելու փաստը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարևոր է համարում Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Արգենտինան առաջին երկրներից է եղել, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին նախարար Նալբանդյանը հայտնեց այսօր Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի մասնակցությամբ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Նալբանդյանը նշեց, որ արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի՝ խոսել են նաև Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստի մասին:
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- ասաց նա:
Նալբանդյանը նշեց, որ սա լուրջ նախազգուշացում էր այն երկրներին, որոնք այդպիսի գործարքների են գնում:
Հեկտոր Մարկոս Թիմերմանը նշեց, որ իրենք կարևորում են հակամարտությունների խաղաղ կարգավորումը: «Անհրաժեշտ է պահպանել բաց երկխոսությունը և պետք է խուսափել զինված հակամարտությունից: Արգենտինան միշտ խաղաղության կողմնակիցն է եղել»,- ասաց Արգենտինայի արտգործնախարարը:
Հեկտոր Մարկոս Թիմերմանը անդրադարձավ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա պատմական հարաբերություններին՝ տեղեկացնելով, որ ինքը փոխանցել է Արգենտինայի նախագահի` Հայաստանի նախագահին ուղղված հրավերը: