ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

«Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։

Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։ Մենք միշտ այն համոզմանն ենք եղել, որ ՏԻՄ ընտրությունների անհարկի կուսակցականացումը տեղին չէ։ Մեր ժողովուրդը կարիք ունի իրապես ընտրված, հարգանք ու հեղինակություն վայելող, համայնքի խնդիրները լուծող ղեկավարների և ոչ թե քաղաք ու գյուղ «նայողների», իշխանության վերարտադրման համար ձայն ապահովողների։

Բնականաբար, լիարժեք ՏԻՄ համակարգ երբեք չի կայանա պարտադրված ընտրությունների միջոցով։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը այս առումով հուսադրող չէ։ Ազգային ժողովի` բնույթով հակաժողովրդավարական ընտրություններից հետո այժմ էլ փորձ է արվում նույն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնել։

Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Հայտարարվում է մեկ բան, արվում է ճիշտ հակառակը։ Երբեմն տեղական «հեղինակությունները» իրենց վրա պետական գործառույթներ են վերցնում ու մնում անպատիժ։ Դա հյուծում է մեր երկիրը, պառակտում հասարակությունը։ Թալինի, Ախթալայի, Կապանի, Գյումրիի օրինակները հուշում են, որ այդ երևույթները եզակի չեն և ընդհանրական դառնալու միտում ունեն։

Մենք հայտարարում ենք, որ նման գործընթացները ուղղակիորեն հարվածում են մեր պետականությանը, մեր քաղաքացիների մեջ սպանում են հավատը որակական փոփոխությունների հանդեպ: ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինությունները, ճնշումները, ահաբեկման երևույթները և իշխանություններից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու և ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու համար»։

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
04. 09. 2012

Տեսանյութեր

Լրահոս