Լեհաստանն օգնում է Սյունիքի մարզի համայնքներին
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին սեպտեմբերի 1-ին մասնակցել է Սյունիքի մարզի Հարժիս համայնքի վերանորոգված դպրոցի բացման արարողությանը: Դեսպանին ուղեկցում էր Սյունիքի փոխմարզպետ Դոլունցը:
Արդեն երկու տարի է, ինչ լեհական օգնության ծրագրի շրջանակներում վերանորոգվում եւ վերազինվում է Հարժիսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ տրամադրվել է 25 հազար եվրո:
Այս տարի վերանորոգվել են դպրոցի հինգ դասարաններ եւ ուսուցչական սենյակը. անցած տարի վերանորոգվել եւ տեխնիկապես վերազինվել էին դպրոցի եւս հինգ դասարաններ: Լեհական օգնության ընդլայնմանը զուգահեռ Հարժիսի դպրոցին շարունակաբար օժանդակություն է տրամադրվելու:
Բացի այդ, օգնության ծրագրի շրջանակներում Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը տեղի համայնքին նվիրել է կաթի սառեցման տարա:
Հարժիս գյուղում լեհական օգնության շրջանակներում իրականացվող մյուս հետաքրքրական ծրագիրը զբոսաշրջային է: Այս տարի զբոսաշրջային ճանապարհ է կառուցվում գյուղից մինչեւ Տաթեւ վանական համալիրը:
Հարժիսը Սյունիքի հեռավոր համայնքներից է, որն ունի 831 բնակիչ: Այն Սյունիքի մարզի ամենահինավուրց բնակավայրերից մեկն է: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: