«ԵԽ ԽՎ-ի ոչ միանշանակ և հեղհեղուկ հայտարարությունները այլևս ընդունելի չեն»

aravot.am-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ելույթ է ունեցել ԵԽ ԽՎ բյուրոյի նիստում, որի ժամանակ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուն և ներում շնորհելուն: Պարոն Հարությունյանի ելույթը հրապարակում ենք անգլերենից ազատ թարգմանությամբ: Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ կայքի անգլերեն բաժնում:

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ:

Ես ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որը մեր խորը մտահոգությունն է առաջացրել և ուղղակիորեն ազդում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի փխրուն հավասարակշության վրա, այլև կասկածի տակ է դնում Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների կողմից ընդունված համընդհանուր արժեքները: Խոսքը Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին հանձնելու և այդ երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելու մասին է:

Սակայն թույլ տվեք սկզբում կարճ հիշեցնեմ այդ գործի նախապատմությունը` մինչև կանցնեմ հիմնական ասելիքիս:

Ռամիլ Սաֆարովը ադրբեջանցի զինվորական է, որը 2004 թվականի փետրվարի 14-ից հունգարական բանտում էր, որտեղ նա կրում էր իր պատիժը` ցմահ ազատազրկումը` այդ երկրում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար: Սաֆարովը սպանել էր հայազի սպա Մարգարյանին, երբ վերջինս քնած էր իր սենյակում` Բուդապեշտի ռազմական ակադեմիայում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին զինվորականնների համար ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերեն լեզվի կուրսերին: Այնուհետև Սաֆարովը փորձել է սպանել նաև երկրորդ հայ զինվորականին, որը նույնպես քնած էր` մյուս սենյակում, բայց, բարեբախտաբար, այդ փորձը ձախողվում է:

2006 թվականին հունգարական առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման` առանց վաղաժամկետ ազատման իրավունքի` մինչև 2036 թվականը: Դատարանը հաշվի էր առել հանցագործության կանխամտածված լինելն ու դաժան բնույթը, ինչպես նաև այն, որ Սաֆարովը չէր զղջում իր արարքի համար: Հունգարական վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց այդ վճիռը` Սաֆարովի պաշտպանի հայցից հետո:

Այդ վճռից հետո ադրբեջանական իշխանությունները փորձել են համոզել հունգարական կողմին` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ Սաֆարովի հանցագործությունը փառաբանվում էր Ադրբեջանում, իսկ ինքը ընդունվում էր որպես հերոս և օրինակելի կերպար այդ երկրի երիտասարդների համար, Հայաստանը մտահոգություն էր հայտնել նրա արտահանձնման հնարավորության վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը հունգարական իշխանությունների հետ անընդհատ կապի մեջ էր` այդ հարցի կապակցությամբ և անընդհատ ստանում էր հավաստիացումներ, որ Սաֆարովի հանձնման հարցը օրակարգում չէ: Վերջին անգամ մենք նման հավաստիացումներ ստացել ենք մեկ շաբաթ առաջ:

Սակայն, չնայած այդ բոլոր հավաստիացումներին, 2012 թ.  օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, ըստ երեւույթին, Ադրբեջանից հավաստիացումներ ստանալով, որ Սաֆարովի դատավճիռը կիրականացվի և նա իր պատժի մնացած մասը կկրի այդ երկրում: Սակայն հենց նույն օրը Ադրբեջանի նախագահի հրամանագրով Սաֆարովը անմիջապես ներում ստացավ և ազատ արձակվեց:

Նույն օրը նա լեյտենանտից դարձավ մայոր, ադրբեջանական կառավարությունը նաև նրան նվիրեց նոր բնակարան և 8 տարվա աշխատավարձը` փոխհատուցելու համար այն տարիների համար, որ նա անցկացրել էր հունգարական բանտախցում:

Չխորանալով այս հարցում Հունգարիայի պատասխանատվության չափի և հունգարական իշխանությունների կողմից Սաֆարովի հանձնումը իրավունքի տեսանկյունից բացատրելու ակնհայտ միամտության մեջ` ես կցանկանայի անդրադառնալ այս հարցի երկու կողմին:

Նախ,  Սաֆարովը Բաքու է ուղարկվել 1983 թ. Ստրասբուրգում ընդունված կոնվենցիայի հիման վրա, որով դատապարտված անձանց իրավունք է տրվում պատիժը կրել սեփական երկրում: Սակայն նրա ժամանման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելը  բացահայտում է այդ կոնվենցիայի որոշ թերություններ: Ակնհայտ է, որ մենք ոչ միշտ կարող ենք հույս դնել այն երկրների բարեխղճության վրա, որոնց հանձնվում են դատապարտված անձինք, և, ինչպես տեսնում ենք, նրանցից ոմանք պատրաստ են չարաշահել այն իրավունքները, որոնք տրվում են այդ կոնվենցիայով:

Երկրորդը, համաձայն դատավճռի, այդ սարսափելի սպանությունը տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր, դա խոստովանեց նաեւ մարդասպանը` ցուցմունքներ տալու ժամանակ: Ռամիլ Սաֆարովի մարդասպանության արդարացումն ու փառաբանումը Ադրբեջանում տարվում են ամենաբարձր պաշտոնական մակարդակներում, ընդհուպ մինչեւ Ադրբեջանի նախագահի մակարդակով: Պետք է նշեմ, որ այդ զզվելի հանցագործությունը Ադրբեջանում պաշտոնական մակարդակով անընդհատ հանրային գովասանքի էր արժանանում: Այդ երկրի օմբունդսմենը մարդասպանին կոչում էր հայրենասիրության մարմնավորում` ադրբեջանական երիտասարդության համար: 2005 թվականին Սաֆարովը Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության կողմից արժանացել է «Տարվա մարդ-2005» կոչմանը` իր զազրելի արարքի համար:

Նրա` Բաքու գնալու օրը և այն բանից հետո, երբ նրան ազատ արձակեցին, ադրբեջանական պետությունը տոնակատարություն էր կազմակերպել, որի ժամանակ Սաֆարովին պտտացնում էին որպես հերոսի: Ի դեպ, այդ տոնակատարությանը մասնակցում էին նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչը նույնպես տագնապալի է:

Նաև թույլ տվեք ձեզ հիշեցնեմ բառերը, որոնք ասաց Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհտիևը. «Ես խորհուրդ չեմ տալիս հայերին հանգիստ քնել, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել: Բուդապեշտում կատարվածի նման դեպքերը չեն կարող բացառվել»:
Ի դեպ, ոչ ոք այդ կազմակերպությունում չարձագանքեց այդ խոսքերին:

Այս բոլոր իրադարձությունները հստակորեն ցույց են տալիս այդ երկրում պետության կողմից հովանավորվող ռասիստական և հակահայկական քսենոֆոբիական տրամադրությունները հասարակության մեջ զարգացնելու քաղաքականությունը: Դա շատ վտանգավոր և տագնապալի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի համար, այլև արժեքային այն ողջ համակարգի, որը մենք բոլորս դավանում ենք և որոնք պահպանելու և խրախուսելու պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա: Մենք չենք կարող արհամարհել այս իրադարձությունները, մենք չենք կարող կողքից դիտել, մենք պետք է դրան արձագանքենք:

Հայաստանը ակնկալում է, որ այս անգամ Եվրոպայի խորհուրդը օպերատիվ և համարժեք կերպով կարձագանքի այդ անընդունելի իրադարձություններին, որոնք ոտնահարում են արդարության, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը և մարտահրավեր են նետում Եվրոպայի խորհրդի արժեհամակարգի և պարտավորությունների բուն էությանը:

Հակառակ դեպքում դա կարող է ավելի խորացնել ԵԽ անդամ պետության մեջ ծայր առած ազգային խտրականությունը, քսենոֆոբիան և անհանդուրժողականությունը: Մենք չպետք է դահիճներին թույլ տանք մտածել, որ նրանք կարող են վայելել էթնիկ կամ կրոնական ատելության պատճառով կատարված սպանության անպատժելիությունը:

Մենք ուզում ենք կոչ անել ԵԽ ԽՎ-ին` հստակ եւ միանշանակ արձագանքնել այս հարցին որքան հնարավոր է արագ:

Սա մեր պատասխանտվությունն է` իրավական և բարոյական, ցույց տալ, որ արժեքները ոչ միայն պետք է քարոզել, այլև հետևողականորեն կիրառել: Այլապես մենք մեր անգործությամբ գիտակցաբար կաջակենք էթնիկ և ազգային ատելության պատճառով դաժան մարդասպանություն գործածին:

Լռությունն ու անտարբերությունը, ԵԽ ԽՎ-ի ոչ միանշանակ և հեղհեղուկ հայտարարությունները այլևս ընդունելի չեն»:

Տեսանյութեր

Լրահոս