«Սաֆարովի փրկագինը պարտված կողմի հաշվարկ է»

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին` Հունգարիայի կողմից արտահանձնմանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, ասաց.

«Նախ՝ պետք է տեսնել այն, որ Բաքուն, որ վաղուց աշխատում էր այս գործողությունն իրականացնելու ուղղությամբ, ոչինչ չպիտի խնայեր իր բանակայինին տուն բերելու համար: Այս սուղ փրկագինը, իհարկե, Սաֆարովին չէր վերաբերում: Այստեղ հստակ քաղաքականություն կա՝ ներադրբեջանական ոգևորության ալիքը բարձրացնելու: Սա, փաստորեն, պարտված կողմի հաշվարկ է, որ, երբ Արցախյան ճակատի ուղղությամբ ոչինչ կհաջողի իրականացնել, երբ հրադադարի խախտումները որևէ արդյունքի չեն հանգում, երբ դիվերսիոն գործողությունները չեզոքացվում են, երբ հայկական սահմանի վրա կատարված ոտնձգությունները կստանան համարժեք պատասխան, պետք է Արցախի սահմաններից շատ հեռու մի գործողություն իրականացնել, որը կսփոփի բարոյալքված հոգիները: Ուրեմն, ի գին դրամական մեծ խոստումների, ի գին խաբեությունների, գործարքների` այս գրավը պետք էր իր լրումին հասցնել՝ առնվազն ներքին սպառումի համար ծախվող ապրանք հրապարակ իջեցնելու համար: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը` իբրև պարտված կողմ, մեծ ջանք թափեց նման գործողություն իրականացնելու ներքին սպառումի համար»:

Տեսանյութեր

Լրահոս