Համանախագահները խորապես մտահոգված են

Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելու տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

Համանախագահները հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի` նախարարների հետ քննարկել են օգոստոսի 31-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը:

Համանախագահներն իրենց խորին անհանգստությունն ու ափսոսանքն են հայտնել այս կապակցությամբ և նշել, որ Սաֆարովին ներման շնորհումը և նրան մեծարելու ցանկացած փորձ բացասաբար կանդրադառնա 2 կողմերի միջև խաղաղ բանակցային գործընթացի և փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման վրա:

Համանախագահները երկու արտգործնախարարներին մեկ անգամ ևս հայտնել են, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն են հայտարարել հունիսի 19-ին Լոս Կաբոսում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ կշարունակեն կապ պահպանել երկու կողմերի հետ, որպեսզի նվազեցնեն առկա լարվածությունը և առաջ տանեն բանակցային գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս