Բաժիններ՝

Ուրիշ ենք, էլի

Այսօր հրապարակվել են տնտեսական ակտիվության՝ PMI-ի ցուցանիշները աշխարհի մի շարք երկրների համար։ Զարգացած երկրների մեծ մասում արտադրական ոլորտի տնտեսական ակտիվությունն անկում է ապրում։ Մինչդեռ Հայաստանի տնտեսությունը, ըստ ԱՎԾ վերջին զեկույցի, նախանձելի տեմպերով ակտիվանում է։

Նշենք, որ PMI-ը ցույց է տալիս արտադրության ոլորտում տնտեսական ակտիվությունը, և, եթե այն փոքր է 50-ից, ապա գործ ունենք ակտիվության նվազման հետ։

Անկում է ապրել անգամ Չինաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ հասնելով 2009 թվականից ի վեր արձանագրված նվազագույն մակարդակին։ Եվրոյի գոտու ցուցանիշները նույնպես լավատեսություն չեն ներշնչում։ Մոլորակի PMI ընդհանուր ցուցանիշն այսօր 50-ից ցածր է, ինչը նշանակում է, որ արտադրության ոլորտում անկումը դեռ շարունակվում է։ Թեպետ որոշ երկրներում ցուցանիշն աճել է, սակայն այն դեռ չի հասել ցանկալի 50-ի մակարդակին։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-հուլիսին ՀՀ տնտեսությունն ակտիվացել է 7.7%-ով։ Իսկ հուլիսը հունիսի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.3%։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա ոլորտը գրանցել է տպավորիչ երկնիշ աճ՝ 13.4%։

Այս համեմատությունից կարելի է անել 3 եզրակացություն։ Կամ Հայաստանը գլոբուսից դուրս է, կամ մեր իշխանություններն ամենատաղանդավորն են, կամ էլ մեր վիճակագիրները պետք է մաստեր-կլաս անցկացնեն աշխարհի զարգացած երկրների իրենց գործընկերների համար՝ լավատեսական սպասումներ ձևավորելու ազնիվ նկատառումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս