Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը հինգշաբթի բողոքի ակցիա է կազմակերպում Փարիզում

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես գրված է.
«Հունգարական արդարադատության կողմից 2006թ. 30 տարի առանց պատժի վերանայման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված հրեշ Ռամիլ Սաֆարովի փոխանցումը Ադրբեջանին և նրա անհապաղ ազատ արձակումը հանդիսանում է ոչ միայն բարբարոսության խրախուսում, այլև միջազգային իրավունքի ոլորտում բոլոր տեսակի օրենքների, հատկապես` Ստրասբուրգի կոնվենցիայի խախտում: Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը, որն արդեն իր տարակուսանքն է արտահայտել այս աղմկահարույց դեպքի վերաբերյալ, չի համարում դա որպես իր վերջնական եզրահանգում: Այն կոչ է անում հատկապես հունգարական իշխանություններին, որոնք այս խնդրում գործել են լավագույն դեպքում ծայրահեղ անլրջորեն, հարգել սեփական արդարադատության վճիռը: Նրանք հատկապես պարտավոր են պահանջել Ադրբեջանից ճաղերի ետևը վերադարձնել այդ հրեշին, ով մեղավոր է ճանաչվել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժանքների ժամանակ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելով սպանելու մեջ: Ֆրանսիայի հայ համայնքը, ինչպես և ամբողջ հայ ազգը` հայրենի հողում սփյուռքում, չի կարող հանդուրժել, որ 1915թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին պանթուրքիզմը շարունակի բացահայտորեն մեծարել կազմակերպված սպանդը` գործելով հայերի դեմ կատարած ռասիստական հանցագործությունների անպատժելիության մթնոլորտում: Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը արդարադատության մերժում է ՝

Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի նկատմամբ:

Դա միջազգային իրավունքի խախտում է:

Դա մարտահրավեր է հայ ժողովրդի գոյության և ազատության իրավունքի դեմ:

Դա հանցագործության կրկնման սադրանք է:

Պետք է դատապարտել այս ամոթալի և Եվրոպայի խորհրդի, որի անդամ են հանդիսանում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը, բոլոր արժեքներին հակասող իրավիճակը: Պետք է պահանջել Ռամիլ Սաֆարովի վերահանձնումը և շարունակել նրա դատավճռի իրագործումը միջազգային վերահսկողության պայմաններում:

Բողոքի ցույց Հունգարիայի դեսպանատան առջև

Հինգշաբթի` սեպտեմբերի 6-ին, ժամը 18:30-ին»:

Տեսանյութեր

Լրահոս