Իրանը ուրանի պոտենցիալ մատակարարին ցուցադրել է իր միջուկային օբյեկտը
Մոնղոլիայի ուրանի ապացուցված պաշարները կազմում են մոտ 63,000 տոննա, որով և նա աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը: Օտար փորձագետները չեն բացառում, որ Մոնղոլիայում ուրանի կանխատեսելի պաշարները կարող են կազմել 1.4 միլիոն տոննա: Եթե դա հաստատվի, ապա Մոնղոլիան տվյալ ցուցակում կհայտնվի 5-րդ տեղում:
Եվ ահա «Associated press» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, տեղեկացնում է, որ Մոնղոլիայի նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժը դարձել է առաջին օտարազգի առաջնորդը, որին հնարավորություն է ընձեռվել այցելել իրանական Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման ձեռնարկություն:
Հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մոնղոլ առաջնորդը զննում միջուկային կենտրոնում տեղադրված ցենտրիֆուգները: Նշվում է, որ Մոնղոլիայում առկա է ուրանի 6 շերտ և ավելի քան 100 հանքավայր: Մոնղոլ երկրաբանների հաշվարկներով՝ երկրի ուրանի պաշարները կազմում են 60-63,000 մետր տոննա, իսկ մեկ այլ տվյալներով՝ 120-150,000 մետր տոննա: