Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարական է տվել իր որդու ավտովթարի կապակցությամբ

Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր վարչության ղեկավար Լին Ցզիհուան ստիպված է եղել հրաժարական տալ իր որդու սկանդալային ավտովթարից հետո:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լինը Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի ամենամոտ համախոհներից է և նախատեսվում էր, որ նա պետք է նշանակվի Քաղբյուրոյի Կազմակերպչական բաժնի ղեկավար: Հենց այդ բաժինն էլ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների նշանակմամբ և հեռացմամբ:

Լինի կարիերային խանգարել է այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա մարտին նրա որդին իր «Ֆերարի» ավտոմեքենայով ավտովթարի մասնակից էր դարձել: Այդ միջադեպը մեծ արձագանք էր գտել Չինաստանի հասարակության շրջանում:

«Երկրի ղեկավարությունը որոշել է, որ այդ սկանդալը չափազանց աղմկոտ է և կարող է լրջորեն վնասել կուսակցությանը: Հուն չկարողացավ պաշտպանել իր համախոհին»,- գործակալությանը պատմել է կուսակցության նախկին անդամներից մեկը:

Այլ աղբյուրների համաձայն՝ վթարի ժամանակ «Ֆերարիում» եղել է 3 մարդ, այդ թվում՝ Լին Ցզիհուանի որդին (մոտ 20 տարեկան): Վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, սակայն նրա, ինչպես նաև մյուս երկուսի անունները չեն հաղորդվում:

Եվս երկու անանուն աղբյուրներ հայտնել են, որ զոհվածը եղել է Լինի որդին, սակայն նրա փոխարեն նշվել է այլ անուն՝ սկանդալն ավելի չթեժացնելու համար: Որոշ տվյալների համաձայն՝ զոհվածի անունը Լին Հու է, իսկ մեքենայում մյուս երկուսը երիտասարդ կանայք են եղել:

Ո՛չ Չինաստանի իշխանությունները, ո՛չ ոստիկանությունը այդ միջադեպը պաշտոնապես չեն մեկնաբանել և զոհերի ու վիրավորների մասին որևէ տվյալներ չեն հրապարակել:

Հաղորդվում է, որ Լինին կփոխարինի Լի Չժանշուն: Վերջինս նույնպես համարվում է գործող նախագահի համախոհներից, սակայն ոչ այնքան մոտ, որքան իր նախորդը:

Տեսանյութեր

Լրահոս