Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի քայլը և զսպվածության կոչ անում

Եվրամիությունը մտահոգված է լուրերից, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, այդուամենայնիվ, պաշտոնական Բրյուսելը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը, տեղեկացնում է  «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք ուշադրությամբ հետեում ենք այս իրադրությանը եւ շփումների մեջ ենք համապատասխան կողմերի հետ՝ առավել շատ տեղեկատվություն ստանալու համար», – հայտարարել է Եվրամիության պաշտոնյան՝ ընդգծելով. – «Մենք հատկապես մտահոգված ենք այն հնարավոր ազդեցությամբ, որ կարող է ունենալ այս զարգացումը տարածաշրջանի վրա, այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածություն ցուցաբերել տեղում եւ հրապարակային հայտարարություններում՝ խուսափելու համար այս իրավիճակի սրացումից»։

Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ճշգրտող հարց է տվել, թե արդյո՞ք Եվրամիությունը Հայաստանից ու Ադրբեջանից բացի շփումների մեջ է նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ, եւ եթե այո, ապա ի՞նչ ուղերձ է փոխանցում Բրյուսելը պաշտոնական Բուդապեշտին, ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակը պատասխանել է. – «Այո, մենք այս պահին կապի մեջ ենք նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն, չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաեւ Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։

Տեսանյութեր

Լրահոս