Ռումինահայությունը ևս ոտքի է կանգնել ազերի մարդասպանին հանձնելու Հունգարիայի որոշման դեմ բողոքի
Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկրի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են ճակատագրերը:
«Արմենպրեսի» թղթակիցը հայտնում է, որ Ռումինահայ համայնքի ղեկավարությունը շաբաթ եւ կիրակի օրերին հրավիրել է ժողովներ` լսելու Հայաստանի ղեկավարության՝ ազգովի համախմբման եւ կատարվածի դեմ ակտիվորեն բողոքելու պատգամները եւ քննարկելու համար անելիքները: Որոշում է կայացվել, որ Ռումինահայոց միության եւ թեմի կողմից երկուշաբթի կտարածվի համատեղ հայտարարություն, իսկ Քաղաքապետարանի կողմից արտոնություն ստանալուց հետո` բողոքի ցույց կկազմակերպվի Բուխարեստում Հունգարիայի դեսպանատան դիմաց: ՌՀՄ հաղորդագրությունը, ինչպես նաեւ ռումինահայերի բողոքները կզետեղվեն համացանցում: ՌՀՄ-ն հրահանգներ է տվել իր մասնաճյուղերին ակտիվանալ տեղերում: Ռումինիայի Հունգարների միության ղեկավարները կապվել են ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ եւ իրենց անհամաձայնությունը հայտնել Հունգարիայի կառավարության որոշման դեմ:
Օգոստոսի 31-ից սկսած ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցերը: Ռումինական ինտերնետային տեղեկատվական կայքերը (romanialibera.ro, adevarul.ro, agenda.ro, cotidianul.ro, gandul.info), ինչպես նաեւ մի շարք հեռուստաալիքներ (tvr, Antena3, rtv) ներկայացրել են ոճրագործ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, Հունգարիայում ընթացած դատավարության եւ Ադրբեջան վերադառնալուց հետո մարդասպանի մեծարման մասին տեղեկություն: Ներկայացված հոդվածները վերնագրված են. «Բուռն ցույցեր Երեւանում Հունգարիայի հուպատոսության առջեւ` այրելով Հունգարիայի դրոշը». «Հունգարացիները մարմնավաճառի պես վաճառել են իրենց պատիվն ու խիղճը ադրբեջանցիներին», «ՀՀ նախագահ. «Կասեցնում ենք դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ». Տես որն է պատճառը», «Երեւանում Հունգարիայի հյուպատոսության առջեւ հայերը այրել են Հունգարիայի դրոշը» և այլն:
Բացի այդ, Բուխարեստում գտնվող Հունգարիայի դեսպանատանն արտառոց ահազանգ է եղել: Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ի սահմաններում արտառոց դեպք գրանցվեց Բուխարեստում Հունգարիայի դեսպանությանը: Նախնական տվյալներով, երեխայի ձայնով մեկը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել, որ Հունգարիայի դեսպանությունում ռումբ է տեղադրված: Դեսպանության աշխատակիցները անմիջապես տարհանվել են, տեղում զննություն է իրականացրել ռումինական ոստիկանության հակաահաբեկչական խումբը: Զննության արդյունքում արձանագրվել է, որ ահազանգը կեղծ է: Դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ադամ Բալասը հայտարարել է, որ տեղի ունեցածը չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ: Նրա խոսքով, զննությունից հետո իրենց տեղեկացրել են, որ տեղեկությունը կեղծ է եւ Ռումինիայում այս երեւույթը բավական հաճախ է տեղի ունենում:
Ռումինական մամուլը տեղի ունեցածը կապում է մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի հետ` նշելով, որ այս օրերին ամբողջ աշխարհում հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ տեղի են ունենում բողոքի ակցիաներ: