Խորհրդակցություն ՀՀ Ազգային ժողովում՝ վերջին իրադարձությունների առիթով
Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները, քննարկվեցին 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակը եւ ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերը: Հովիկ Աբրահամյանը առաջարկեց սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան: Նա հիշեցրեց, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի թիվս այլ քայլերի նպատակահարմար է գտել համապատասխան օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը: ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով եւ էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին: Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար գտավ ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը եւ այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:
Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: