Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հավանականությունը 70-80 տոկոս է
«Ցավոք սրտի, այս անգամ էլ նախագահական ընտրությունները լինելու են ընտրություն ներկայի և անցյալի միջև: Պայքարը նորից գնալու է ներկայի և անցյալի միջև, իսկ թե այդ անցյալն ինչ դեմքերով է ներկայացված լինելու, դուք մոտավորապես գիտեք: Ամենամեծ ինտրիգն այն է, թե արդյո՞ք այս ընտրություններին կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահը` Ռոբերտ Քոչարյանը: Վերլուծաբանները հակված են մտածելու, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց, դա կհաղորդի ընտրություններին սրություն: Կմասնակցի՞, թե՞ ոչ: Ասեմ այսպես. ես գնահատում եմ նրա մասնակցության հավանականությունը 70-80 տոկոս, այսինքն` բավական մեծ: Այս ընտրությունների Ռոբերտ Քոչարյանի համար այն իրավիճակն է, որը նա կարող է դիտել որպես կուլմինացիոն հնարավորություն` վերադառնալու որպես ակտիվ քաղաքական դերակատար»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը:
Նաև հավելեց. «Այսօր, երբ մամուլում մեծ ոգևորությամբ է խոսվում այն հարցի մասին, որ հնարավոր է, որ վարչապետի փոփոխություն տեղի ունենա փոխհամաձայնության, այսինքն` «տորգի» արդյունքում, սա ես` Հմայակ Հովհաննիսյանս, համարում եմ խայ-տա-ռա-կու-թյու՜ն: Որովհետև եթե վարչապետի փոփոխությունը լինի քաղաքական «տորգի» արդյունքում, դա չի նպաստելու ոչ այդ վարչապետի աշխատանքին, ով էլ լինի, ոչ էլ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն: Եթե դա լինի ընտրությունների միջոցով, ես գտնում եմ, որ դրա համար ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը դնի իր թեկնածությունը, և եթե համապատասխան արդյունք սստանա ընտրությունների ընթացքում, և այդ արդյունքը լինի այնքան ծանրակշիռ, որ խոսք գնա նրա` վարչապետ դառնալու մասին, ինչպես օրինակ եղավ 1998 թ. ընտրություններից հետո: Եթե ԲՀԿ-ն այսօր մտածում է պայքարի միջոցով հասնել վարչապետի փոփոխության, մի հարց է, իսկ եթե մտածում է սակարկությունների արդյունքում հասնել դրան, դա ուրիշ է»: