Ադրբեջանն այս պահին՝ որպես պետություն, ավելի ուժեղ է, քան Հայաստանը. Վարդան Դևրիկյան

«Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում տալն Ադրբեջանի վարկանիշին վնասել չի կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ըստ նրա` այս դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանն այս պահին՝ որպես պետություն, ավելի ուժեղ է, քան Հայաստանը: «Բայց Հայաստանը սրանից չպիտի վախենա, պետք է մտածենք հակազդեցության նոր միջոցներ: Խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է այնքան հզորանա, որ նրա հետ պետությունները հաշվի նստեն»,- ասաց Վ. Դևրիկյանը:

Նա կարծում է, որ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը պարտություն էր Հայաստանի համար, և դա Հայաստանին ոչ մի դիվիդենտ տալ չի կարող, ինչպես պնդում են ոմանք: Սակայն, ըստ Դևրիկյանի, այս իրադարձությունները կարող են համախմբել հայերին. «Լավագույնը, որ կարող ենք անել, Ինտերպոլով հետախուզում հայտարարելն է.  Սաֆարովը չպիտի կարողանա դուրս գալ Ադրբեջանից: Անհրաժեշտ է անցկացնել տնտեսական ակցիաներ, օրինակ` զբոսաշրջիկները  հայտարարեն, որ չեն գնա Հունգարիա, կամ որևէ բիզնեսմեն հայտարարի, որ դադարեցնում է իր բիզնեսը Հունգարիայում»:

Վարդան Դևրիկյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները ճիշտ են արձագանքել իրավիճակին. «Հայաստանի իշխանություններին այս հարցով քննադատելը կլինի դիակապտություն, քանի որ ոչ մի իշխանություն սրան չէր կարողանա հակազդել: Նախագահի քայլերն այստեղ միանգամայն վճռական են  եղել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս