Մալիշկայի ավտովթարի հեղինակը գյուղապետի տղան է եղել

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Նույն աղբյուրը հայտնում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2102» մակնիշի 56 ՏՏ 522 (վարորդ՝ 1952 թ. ծնված Աղվան Արղումանյան) և «ՎԱԶ-2107» մակնիշի 18ՏԼ188 պետհամարանիշերի (վարորդ՝ 1985 թ. ծնված Սերոբ Մովսիսյան) ավտոմեքենաները: Ըստ տարածված տեղեկատվության, բախման  հետևանքով «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 59-ամյա Արշալույս Արղումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

168.am-ի հետ հեռախոսազրույցում Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ բուժքույր Անուշ Բաբաջանյանը հիվանդանոցի գրանցամատյանը զննելուց հետո տեղեկացրեց. «Արշալույսը մեզ մոտ գրանցվել է, սրսկումներ է ստացել, բայց չի պառկել: Երևի վնասվածքը թեթևակի է եղել: Դեղորայք, բուժօգնություն է ստացել և աջ ուսագոտու սալջարդի ախտորոշմամբ  տուն է գնացել: Որպես հիվանդ՝ ստացիոնարում պառկած չէ»:

168.am-ի հետ հեռախոսազրույցում Արշալույս Արղումանյանն էլ ասաց. «Ես ու ամուսինս ամուսնուս մեքենայով մեզ համար հանգիստ գալիս էինք, եկան, խփեցին: Խփողը մեր գյուղապետի` Մհեր Մովսիսյանի տղան էր: Սկզբում տաք էր, ոչ մի բան չէի զգում: Հետո, երբ  թրջոցներ դրեցի, տեսա` բարդություն ա առաջանում, դիմեցի հիվանդանոց»:

 

 

Դիանա Բախշյան

Տեսանյութեր

Լրահոս