Ադիբեկյանը հերքում է Լիսկային
Սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անցկացրել է հարցումներ, որոնք իրականացվել են Կապանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, «Հայփոստ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի պատվերով:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե այդ հարցումների արդյունքում ձայների մեծամասնությունը եղել է Կապանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Հայրապետյանի օգտին: Մարզպետը նույնիսկ «խորհուրդ» տվեց մեզ` Ա. Ադիբեկյանից անձամբ ճշտել դա: 168.am-ը հետևեց Ս. Խաչատրյանի հորդորին և փորձեց Ա. Ադիբեկյանից տեղեկանալ այդ հարցման արդյունքների մասին:
Ադիբեկյանը նշեց, որ հարցումներն արել է մասնավոր պատվերով, ուստի ինքն իրավունք չունի հրապարակել այդ տեղեկատվությունը: «Շանսերը հավասար էին, ուղղակի 40% տատանումներ կային, որոնք չէին որոշել, թե ձայնն ո՞ւմ կտան: Ու քարոզարշավի հիմնական թիրախը եղել է այդ 40%-ի ձայները: Ով ավելի կազմակերպված կլիներ, ավելի միջոցներ կունենար, հիմք կունենար՝ նա էլ կհաղթեր: Հիմա ես չգիտեմ` պարոն Աթայանն ի՞նչ նկատառումներով է հանել իր թեկնածությունը` խուսափել է պարտությունի՞ց կամ այլ հնարավորությունների՞ց` չեմ կարող ասել»,- 168.am-ին ասաց Ա. Ադիբեկյանը:
Իսկ ինչ վերաբերում է իր նշած 40% տատանումներին, ապա Ա. Ադիբեկյանն այսպես մեկնաբանեց. «70 կամ 80%-ը գալու է ընտրություններին, որոնց 40%-ը դեռ որոշում չունի` ո՞ւմ կտա ձայնը: Դա է ամբողջ ինտրիգան, սուր կետը»: