Հունգարացի հայագետը խոստովանում է. Հունգարիան գործարքի է գնացել, բայց փողը դեռ չեն տվել
«Քանի որ հունգարացի ժողովուրդը բարոյական արժեքների տեր ժողովուրդ է, մենք բոլորս ներողություն ենք խնդրում ողջ հայերից, ինչպես նաև հունգարիայի կառավարությունից պահանջում ենք այդ խնդիրը լուծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը:
Ըստ նրա Ադրբեյջանական կողմը խաբությամբ է մարդասպան Ռամիլ Սաֆարովին տեափոխել Ադրբեյջան և ներում շնորհել: «Ադրբեջանական կողմը դեռևս 2004թ. էր նախաձեռնել այդ ամենը: Դա իրենց ցանկությունն էր: Իրենք ի սկզբանե պահանջում էին, որպեսզի Սաֆարովը իր պատիժը կրի Բաքվում և ոչ Բուդապեշտում: Հունգարական դատարանը անաչառ և ճշմարիտ դատավճիռ է կայացրել Ռ.Սաֆարովի նկատմամբ և 8 տարի նա կրել է իր պատիժը Բուդապեշտում»:
Ինչպես նշեց Բենեդեկ Ժիգմոնդը՝ «ադրբեջանական կողմը երաշխիքներ էր տվել, որ Սաֆարովին տեղափոխելուց հետո կշարունակի կրել իր պատիժը, սակայն ադրբեջանական կողմի արված քայլը ևս մեկ անգամ փաստեց, որ նա խաբել էր:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պայմանագրի ադրբեջանական կողմի պարտավորությունները արվել են և Հունգարիան ստացել է իր ֆինանսական փսխհատուցումը, Ժ.Բենեդեկը ասաց. «Հունգարայի կառավարության և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվում էր մարել Հունգարիայի ֆինանսական պարտավորությունները, սակայն մինչ օրս Հունգարիան դեռ ոչ մի գումար չի ստացել: Եվ չի բացառվում, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ չի խաբի»:
Խոսելով ողջ Հունգարիայի ժողովրդի անունից, հայագետը նշեց, թե «hունգարացիները կառավարությունից պահանջում են, որ այդ հարցը լուծվի՝ միջազգային ֆորումների միջոցով: Հունգար ժողովուրդը և հայերը հազարամյա պատմություն ունեն: Որոշ քաղաքական գործիչների կողմից արված քայլերի համար սխալ է, որ ամբողջ հունգար ազգն է պատասխանում: Անկախ ամեն ինչից՝ մենք կանգնած ենք հայ ազգի կողքին: Հունգարիայի կառավարությունը խաբված է: Ես ասել եմ ու շարունակում եմ ասել, որ Հունգարիայի կառավարությունը սխալ ու վատ բան է արել»: