Ճապոնիան իրանական նավթ չի գնի
30 տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիան ամբողջությամբ հրաժարվեց իրանական նավթի ներմուծումից։
Մինչև վերջերս Իրանից ներմուծվող նավթի հաշվին բավարարվում էր Ճապոնիայի նավթի պահանջարկի 10%-ը։
Որոշ փորձագետների կարծիքով, Ճապոնիայի կառավարության այս որոշումը կարող է լուրջ հարված հասցնել երկրի տնտեսությանը։ Սակայն շատերը ենթադրում են, որ այս քայլը ժամանակավոր բնույթ է կրում. իրանական նավթի ամբողջական էմբարգոյի համաձայնություն Ճապոնիան դեռ չի տվել։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն այս տարվա հուլիսի 1-ից ամբողջական էմբարգո է դրել իրանական նավթի վրա և իր տարածքում գործող ապահովագրողներին արգելել է ապահովագրել Իրանից նավթ տեղափոխող տանկերները։ Քանի որ գործնականում բոլոր տանկերները ապահովագրվում են եվրոպական ընկերությունների կողմից, իրանական նավթի մատակարարումը գրեթե անհնարին է դառնում։
Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում՝ իրանական նավթի արտահանումը տարվա սկզբից նվազել է շուրջ 40%-ով։