Հնարավոր է` «Ժառանգությունը» ստորագրահավաք կազմակերպի ԱԺ-ում

«Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը ՀՀ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Շատ եմ ցավում, որ անկախ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման օրինագծին իր պատշաճ արձագանքը չտվեց: Նման վարքագիծը հարիր չէ անկախ պետության կառավարության համար»,- ասաց Փոստանջյանը:

Անդրադառնալով արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին ընտրության իրավունք տալու «Ժառանգության» նախաձեռնությանը, Զ. Փոստանջյանն ասաց, թե չի բացառվում, որ «Ժառանգությունն» ԱԺ-ում ստորագրահավաք կազմակերպելու գործընթաց սկսի: Նրա խոսքով` 28 պատգամավորի ստորագրություն ունենալու դեպքում՝ իրենք կդիմեն Սահմանադրական դատարան:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ քանի դեռ Հայաստանում չի գործում դատական իշխանությունը, նրան փոխարինելու կգան հասարակական քննարկման և դատապարտման նախաձեռնություններ:

Տեսանյութեր

Լրահոս