«Մեր տղերքը ստիպված են զենք վերցնել և պաշտպանել Հալեպի հայաշատ թաղամասերը»

Երեկ առավոտյան սիրիական «SANA» հեռուստաընկերությունը հաղորդել էր, թե Դամասկոսի Զամալքա թաղամասում «Լիուվա Իսլամ» կոչվող խմբավորման անդամները սպանել են 20 մարդու:

Ըստ հեռուստաընկերության` սպանվածների թվում եղել է նաև հայ համայնքից մեկ ընտանիք: Խմբավորման անդամները սպանվածների դիերը նետել էին Դամասկոսի Շեյխ Ասքար մզկիթ: Արաբ գրողների միության անդամ, Դամասկոսի համալսարանի դասախոս Նորա Արիսյանը մեր թերթի հետ զրույցում անդրադառնալով երեկ առավոտյան Դամասկոսում տեղի ունեցած բախումներին, մեջբերեց սիրիական հեռուստակայանի հաղորդագրությունը:

«Օգոստոսի 29-ի առավոտյան սիրիական լրատվական հեռուստակայանը և այլ սիրիական լրատվական կայքեր հաղորդեցին, որ Դամասկոսի արվարձաններից Զամալքայի մզկիթներից մեկի մեջ հայտնաբերվել են տասնյակ դիակներ, որոնց մեջ են հայ ընտանիքի 6 անդամներ: Լուրը տակավին ստուգման մեջ է հայկական շրջանակների կողմից»,- ասաց Ն. Արիսյանը: Վերջինս բնակվում է Դամասկոսում: Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Դամասկոսում, նա պատասխանեց. «Լսվում են ռմբակոծումների ձայներ, հիմնականում արվարձանների շրջաններում, որոնք հայաշատ չեն»:

Ըստ Ն. Արիսյանի` ներկայումս Դամասկոսում ապրող հայերի թիվը 6000 է: Ն. Արիսյանը նաև նշեց, որ Դամասկոսից Հայաստան տեղափոխվող հայերի հոսք չկա: «Մինչև հիմա չի նկատվում հոսք ո՛չ Հայաստան, ո՛չ այլ վայր»,- նկատեց մեր զրուցակիցը: Հարցին, թե ի՞նչն է հայերի, այսպես ասած, Հայաստան չտեղափոխվելու պատճառը, Ն. Արիսյանը պատասխանեց. «Մի շարք գործոններ կան այստեղ: Նախ, հավանաբար, մտավախ են, որ Հայաստանի մեջ քիչ առիթ կունենան աշխատելու, երեխաների դպրոցների խնդիրը կարող է առաջանալ:

Մեկ շաբաթ առաջ մոտ 130 երեխա Դամասկոսից 15 օր հանգստի ժամանակ անցկացրեցին Հայաստանում, որն իրականացվել է Սփյուռքի նախարարության և ՀՀ Դեսպանատան առաջարկով և աջակցությամբ: Կարծում եմ` իսկապես, կարևոր է նման աջակցությունը: Անշուշտ, մինչ օրս նաև դեսպանատան և Հալեպում հյուպատոսարանի աշխատանքի գոյատևումը խրախուսիչ և ոգևորիչ ազդակ է նաև սիրիահայերի համար»:

Դամասկոսում բնակվող դասախոսը նաև նշեց, որ ինչպես Սիրիայի մյուս քաղաքի բնակիչները, Դամասկոսում բնակվող հայերը ևս տնտեսական լուրջ վնասներ են կրել և փորձում են հարմարվել ներկա իրավիճակին` դիմագրավելով տնտեսական դժվար պայմաններին: Ինչ վերաբերում է բախումների հետևանքով հայաշատ թաղամասերում հայկական տների ավերածություններին, Ն. Արիսյանի տվյալներով` մի քանի ամիս առաջ են նման դեպքեր գրանցվել, և ավերվել են մի քանի հայկական տներ, որոնք 1,5 տարվա ընթացքում գտնվում էին պայթյունների ենթարկված թաղամասերում, մասնավորապես` Քասսա թաղամասում: Ըստ նրա` վերջին օրերին որևէ վնաս դեռ չի հասցվել հայկական տներին:

Իսկ սիրիահայերից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, որ այս պահին հայերի վիճակն անորոշ և անկայուն է: «Անշուշտ, Հալեպի հայաշատ քաղաքը և մեր տղերքը ստիպված են զինվել: Զենքը տրվում է պետությունից: Նրանք պաշտպանում են հայաշատ թաղամասերը: Դրանք Հալեպի Նոր Գյուղ և Սուլեյմանի շրջաններն են»,- նշեց սիրիահայերից մեկը: Ի դեպ, հայերը խուսափում են այս ընթացքում Հայաստան կամ որևէ այլ երկիր ժամանակավորապես տեղափոխվել, քանի որ այդ ընթացքում կարող է թալանի ենթարկվել իրենց ունեցվածքը, տները:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով Դամասկոսում տեղի ունեցած վերջին դեպքին` ասաց, որ դեռևս որևէ ստույգ տեղեկատվություն չկա, և հայկական կողմը ճշտում է սիրիական հեռուստակայանների տարածած լուրերը:

«Սիրիան հայտնվել է աշխարհաքաղաքական ուժերի օրակարգում. մի կողմից՝ Արևմուտքն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից` Իրանն ու Ռուսաստանը: Համաշխարհային պատերազմի մանրանկարային իրավիճակի տպավորություն են թողնում Սիրիայում արձանագրվող դեպքերը: Ծրագիրը կարող է վերաբերել տարածաշրջանի երկրների անդամահատմանը, Իրանի մեկուսացմանը կամ նոր Քյուրդիստանի ստեղծմանը: Օրակարգերը տարողունակ են, և սա, իհարկե, զուտ ներսիրիական խնդիր չէ: Անկանխատեսելի ընթացքների մասին է խոսքը, որովհետև աշխարհաքաղաքական ծրագրեր են դրված սեղանի վրա»: Մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` սիրիական զինյալներին զինամթերքով մատակարարում է Ադրբեջանը, Շ. Գանդահարյանը պատասխանեց. «Պաշտոնապես որևէ լուր չկա այդ մասին, թեև չեմ բացառում: Թուրքական գործոնը, եթե աշխատում է, նշանակում է, որ ադրբեջանականն էլ ինչ-որ տեղ կարող է ներգրավված լինել»:

Տեսանյութեր

Լրահոս