Կապանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը պաշտպանելու է ՀՅԴ թեկնածուին
168.am-ի հարցին, թե սեպտեմբերի 9-ին Կապանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ո՞ւմ թեկնածությունն է պաշտպանելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Կապանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը պատասխանեց, թե Կապանում ՏԻՄ ընտրությունները լինելու են ազատ. կուսակցական որևէ որոշում չկա:
«Կապանում կուսակցությունը որևէ թեկնածուի չի պաշտպանելու, իսկ կուսակցության անդամներն ունեն իրենց կարծիքները, և ով ում նպատակահարմար գտնի` պաշտպանելու է»,- 168.am-ին ասաց Մ.Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե, օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով նաև Հանրապետական կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն է` Սիսիանի ՏԻՄ ընտրություններին պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուի` Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի թեկնածությունը, Մ. Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ունենք քաղխորհուրդ, որտեղ քննարկել ենք, և չունենք նման որոշում, որ պետք է ինչ-որ մեկին պաշտպանենք: Կապանը փոքր քաղաք է, և կան կուսակցության անդամներ, ովքեր պաշտպանում են Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանի թեկնածությունը, ով քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրել իր թեկնածությունը: Կան նաև կուսակցության անդամներ, ովքեր պաշտպանում են Հանրապետական կուսակցության թեկնածուին: Կապանը փոքր քաղաք է, և ժողովուրդն ում ընտրի, դա կհամարենք, որ ճիշտ է` մեծամասամբ իրեն են ընտրել»:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ ինքն անձամբ պաշտպանելու է Կապանի գործող քաղաքապետ, Դաշնակցություն կուսակցության անդամ Արտուր Աթայանի թեկնածությունը: «Արտուր Աթայանը` լինելով իմ ընկերը, ես պաշտպանելու եմ նրա թեկնածությունը, ինչը կապ չունի քաղաքական խնդիրների հետ: Բայց այն, որ ես իմ կուսակիցներին ասեմ` իմ ձայնը տալիս եմ Արտուր Աթայանին, դուք էլ ձեր ձայնը տվեք նրան` այդպիսի քայլ չի լինելու»,- ասաց Մերուժան Սիմոնյանը: