Նախագահը չի մեկնել Թեհրան` մասնակցելու Չմիավորման շարժման գագաթաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնե՞լ է Թեհրան  մասնակցելու Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ գագաթնաժողովին: 168.am-ի այս հարցին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Նախագահի մամուլի ծառայությունը պատշաճ կարգով տեղեկացնում է, եթե նախագահը որևէ տեղ է մեկնում»:

Մեր հարցին, այսինքն՝ ՀՀ նախագահը ընդհանրապես չի՞ մեկնելու,  Ա.Արզումանյանը պատասխանեց. «Խնդրում եմ հետևել նախագահի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության ինֆորմացիային»:

Նշենք, որ Չմիավորման շարժման անդամ պետությունների 16-րդ գագաթաժողովը Թեհրանում երեկ արդեն մեկնարկել է և կտևի 6 օր: Նաև հիշեցնենք, որ Չմիավորման շարժումը հիմնադրվել է դեռևս 1961թ. նախկին Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում, իսկ շարժման գաղափարի գլխավոր ջատագովներն էին Հարավսլավիայի նախագահ Յոզիպ Բրոզ Տիտոն, Հնդկաստանի վարչապետ Ջավահարլար Նեհրուն, Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը և մի քանի այլ երկրների առաջնորդներ: Չմիավորման շարժումն ի սկզբանե ունեցել է հակագաղութատիրական բնույթ և դեմ է հանդես գալիս ռազմաքաղաքական միավորումներին: Այսօր շարժմանն անդամակցում են 120 երկրներ, իսկ Հայաստանն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ:

 

Կարդացեք նաև


Տեսանյութեր

Լրահոս