Բաժիններ՝

Վարձով բնակարաններ միայն քաղաքի ծայրամասերում են մնացել

Վարձով բնակարանների մեծ մասն արդեն վարձկաններ ունի: Սեպտեմբերի նախաշեմին Հայաստանի տարբեր մարզերից Երևան շտապող ուսանողները դեռևս հուլիս ամսից հոգում էին իրենց կացարանի խնդիրները:

168.am-ը փորձեց պարզել, թե ինչ արժե այսօր քաղաքում մեկ սենյականոց բնակարանի վարձը: Երկար տարիներ անշարժ գույքի վաճառքով և բնակարանների վարձակալությամբ զբաղվող Արամ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այս օրերին քաղաքում բնակարաններ վարձում են հիմնականում մարզերից եկող ուսանողները: «Դեռևս հուլիս ամսից ուսանողները կամ իրենց ծնողները հետաքրքրվում էին բնակարանների գներով: Հարմար գներով և միջին կոմունալ պայմաններով բնակարաններն այսօր արդեն վարձկաններ ունեն: Մնացել են միայն քաղաքի ծայրամասերի բնակարանները»,- ասում է Արամը: Մեր այն հարցին, թե ինքը սեպտեմբերի նախաշեմին քանի՞ ուսանողի է բնակարանով ապահովել և ի՞նչ գներով, Արամը պատասխանեց. «Մոտավորապես 50 բնակարան արդեն գտել եմ: Գները տարբեր էին, մարդիկ նախընտրում են բնակարաններ՝ միջինը 70.000 դրամի սահմաններում: Հանրությունը, հատկապես՝ գյուղի բնակիչները, առանձնապես վճարունակ չեն: Նախընտրում են միջին պայմաններով  մեկ սենյականոց բնակարան՝ 60-70.000 դրամի սահմաններում»:

Մեր հարցին, թե այս սեզոնին արդյո՞ք գների աճ չի արձանագրվում, Արամը պատասխանեց. «Եթե  թերթերում կամ կայքերում տեղադրված հայտարարությունները նայեիք մեկ կամ մեկուկես ամիս առաջ, ապա կնկատեիք, որ միջինը 10.000 դրամի տարբերություն կա նույն բնակարանի արժեքի մեջ՝ երկու ամիս առաջ և այսօր: Իհարկե, բնակարան առաջարկողը ցանկանում է առավել թանկ գնով վարձույթի հանձնել իր բնակարանը: Շուկայի օրենքն է՝ որքան շատ է պահանջարկը, այնքան ավելի թանկ է առաջարկը»:

Ըստ Արամի, այս տարի ևս կգտնվեն ուսանողներ, ովքեր կմնան առանց բնակարանների: «Ուսանողությունը շատ է: Բնակարաններն ուսանողների նախընտրած գներով քիչ են մնացել: Հիմնականում ազատ են  ծայրամասերի բնակարանները: Ուսանողները ծայրամասերում բնակարաններ վարձում են ամենածայրահեղ դեպքում: Տրանսպորտի խնդիր կա, համալսարան հասնելու համար երկու տրանսպորտ են փոխում, հեռու է, երկար ճանապարհ են գնում, շատ ժամանակ են ծախսում ճանապարհներին, և այսպիսի շատ հարցեր կան, որոնք անհանգստացնում են ուսանողներին: Բայց երբ մնալու ոչ մի տեղ չեն գտնում, գնալ-գալն էլ դժվար և ծախսատար է լինում, ուսանողները սրան էլ են համաձայնվում»,- ասաց Արամ Սահակյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, ուսանողներից շատերը նախընտրում են մի քանի հոգով մեկ բնակարան վարձել: Այդպես և՛ էժան է, և՛ ապահով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս