Գողացված մանկություն
«Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», դե թվում է, թե Թումանյանն իր սրտի մաղթանքն էր տալիս երեխաներին, բայց դե նա ինչ իմանար, որ մենք ենք երնեկ տալու նրա մանկությանը: Մի պահ, երբ այս տողերն եմ արտասանում, ինձ թվում է թե այն անեծքի նման է հնչում: Դե իրոք, ինչ իմանար բանաստեղծը, որ ժամանակը կարող է աղավաղել իր մաղթանքի իմաստը և մեր ժամանակներում, այս սերունդի կողմից, այն կարող էր այլ կերպ ընկալվել: Սերունդ, ով ենթարկվում է ամեն հնարավորին և անհնար փորձությունների և փորձարկումների: Մենք, այսօր մի այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ակամայից մեր մանկությանը երնեկ ենք տալիս ու խղճահարվում ենք՝ մեր փոքրերի աչքերին նայելիս, որտեղ, կարծես թե արտացոլվում է դարիս կուտակված թշվառությունն ու տառապանքը: Մի դատապարտեք մեզ սիրելիներ, մենք սա չէինք երազում ձեզ համար:
Հիշում ես անցյալն ու մտածում, թե երանի կյանքի անիվը հետ պտտվեր ու նորից վայելեիր երջանիք մանկությունդ: Դե, թե իմ և թե ինձանից ավագ սերունդը իրավունք ունի ասելու, որ լավ թե վատ, ունեցել է մի մանկություն, որին այսօրվա երեխաները կնախանձեին: Ասեմ, որ այսօրվա տեխնոլոգիաների մասին չեմ խոսում, քանի որ առանց էդ համակարգիչների ու համակարգչային խաղերի, կամ համացանցային ծանոթությունների ու բջջայինների էլ մեր մանկությունը բավական հետաքրքիր էր անցնում: Տասնյակ երեխաներով հավաքվում ու չլիկ դաստա խաղում, օբա կամ պահմտոցի, բա նշան կամ պիտակ հավաքե՞լը, դա մի յուրահատուկ զգացողություն էր: Հիշում եմ, թե ինչպես էինք տղաներով մտնում գարեջրի գործարան ու պիտակներ թռցնում, որը հետագայում փոխում էինք ինչ որ մի բանի հետ: Այո, թվում է թե ծնողների հսկողությունից դուրս ենք եղել, բայց դե այդ երեխայությունները միշտ չէ որ անում էինք, համ էլ որ համեմատում եմ այսօրվա պատանիների զբաղմունքների ու արածների հետ, մեր արածը այնքան միամիտ արարքներ էին, որ կարելի է դրանք պարզապես տղայական թիթիզություն անվանել: Կյանքն այնքան անհոգ էր և երջանիք:
Խաղը խաղով, բայց դե կյանքը այնքանով էր հետաքրքիր, որ ամեն ինչի ժամանակ էինք գտնում ու մի բան էլ ժամանակը ավելանում էր: Յուրաքանչյուր երեխա պարտադիր երաժշտական դպրոց էր ընդունվում ու հասցնում էր դասերից հետո հաճախել նաև այլ խմբակների, գումարած սրան՝ գրադարանի մշտական հաճախորդը լինել և դեռ ժամանակ էլ մնում էր այլև այլ բաների համար: Իսկ հիմա երեխաները պարզապես չեն հասցնում դասերը սովորել և ավելին, իրենց դասերի պատրաստմամբ՝ ծանրաբեռնում ծնողներին, ովքեր գլուխ են ջարդում, թե իրենց որ մեղքերի համար է, որ կրթության նախարարությունը, երեխաների համար ծրագիր պատրաստելու փոխարեն՝ ծնողներին է նշանառության թիրախ դարձրել: Ինձ թվում է, որ պետք է հոգեբանական վերլուծության ենթարկել Ա.Ա-ի մանկությունը, քանի որ կասկածում եմ, որ հնարավոր է, որ ինչ որ մեկը գողացել է նրա մանկությունը ու հիմա, նա պարզապես վարվում է այնպես, ինչպես իրեն հետ են վարվել: Բոլորը մանկություն են գողանում, ամենքն իրենց հերթին, եթե հնարավոր լիներ սա անձնավորել, կստացվեր հավաքական մի կերպար, երևի թե սարսափ ֆիլմերից մի գազանի կերպարով: Տեսեք, կառավարությունը մի կողմից՝ իր անտաղանդ ղեկավարմամբ և չստացված ծրագրերով, տնտեսությունը մյուս կողմից՝ իր քայքայված ու սնանկ կերպարով, ով ծնել է համաշխարհային ճգնաժամ, որն իր թևերը քշտաց՝ աշխարհի վրայով է անցնում, բնական աղետներն իրենց հերթին, որը քանդուքարափ է անում բնակավայրեր՝ թողնելով մարդկանց, այդ թվում և երեխաներին՝ անտուն և սոված, դե որն ասեմ, խեղճ երեխաները չեն հասցնում հասկանալ, որ երեխա են, որ իրենց խաղալու ժամանակն է ու նրանք շուտ են հասունանում, մի անգամից բեռնվում հոգսերով ու երեսուն տարեկան երիտասարդ հասակում նմանվում ծերունու: Դե, այս հոգսերը հոգեբանորեն ավելի ազդում են երեխաների վրա, քան թե մեծերի:
Այս մասին, ես չեմ խոսում որպես անտեղյակ մեկը, այլ որպես վետերան, ով իր կյանքի պատանեկան տարիքում տեսավ ութանասուն ութի երկրաշարժ, Արցախյան պատերազմ, ու մինչև հիմա շարունակվող « աղետները », իսկ հիմա էլ որպես՝ «հնգակի ծնող » կարգավիճակով՝ ես փաստում եմ, որ հիմա էլ իմ զավակներից են գողանում նրանց մանկությունը: Կրթական ծրագիրն իր հերթին՝ իր բյուր թերություններով, ուսուցչական անձնակազմն իր հերթին՝ իր սուտի պահանջկոտությամբ, որով ավելի կոտրում են երեխային՝ սպանելով նրանում «գիտունիկին»՝ ջանալով հաճեցնել ու արդարացնել կրթության նախարարության ուսուցողական ծրագրի արդյունավետությունը:
Դե, զարմանալի էլ չէ, որ այս սերունդը պարզապես խուսափում է կրթություն ստանալուց, նամանավանդ, որ ուսում ստանալուց հետո դառնալու են դիպլոմավոր գործազուրկներ, իսկ աղջիկները դիպլոմավոր հարսնացուներ:
Կրթության որակի մասին չարժե էլ խոսել: Ամեն բան հայտնի է ու թվում է թե զուր է խոսելը, քանի որ բոլորն էլ գիտեն այն մասին, ինչ ասելու ես ու ասածիդ մեջ ոչ մի նորություն չկա, քանի որ, որևէ բան փոխելը՝ պարզապես ֆանտաստիկ ժանրից է:
Ի՞նչ են տեսնում մեր երեխաները և ի՞նչ են լսում: Ես, օրինակ՝ հիշում եմ ծնողներիս անհոգ ու երջանիք դեմքը: Նրանում կարդում էի կայունություն, վստահություն, սեր, անկեղծ ծիծաղ և որ ամենակարևորն էր ինձ և նրանց համար՝ ապահովություն: Ես լսում էի, տղաս եկ քեզ համար սա գնենք, նա գնենք, ի՞նչ ես ուզում, ի՞նչ անենք քեզ համար: Ի՞նչ են կարդում նրանք այսօր մեր դեմքներին և ի՞նչ են լսում մեր շուրթերից: Կարդում են հիասթափություն, տխրություն, կոտրված հայացք, շինծու ժպիտ և կիսախամրած աչքեր, լսում են հայհոյանք, չունեմ, չկա արտահայտություններ, ու՞ր փախնել, ո՞րտեղ աշխատել, ի՞նչպես գնել, ի՞նչպես վաստակել, ու՞մ դիմել ու նման այլ արտահայտություններ:
Ընկերոջս հետ էի զրուցում, ասում է քո հոդվածներում չկա հրամայականը, պարտադրումը, ստիպումը, պահանջկոտությունը: Ասում է, մի տեսակ աղաչանք կա: Չգիտեմ, մասամբ համաձայն եմ, դե երևի դա նրանից է, որ ցանկանում եմ մարդկանց մեջ արթնացնել մարդկությունը, այն երբեմնի պահանջված կերպարը: Իսկ հրամայակա՞նը, դե ինչպես Ստանիսլավսկին էր ասում. « Չեմ հավատում, դե չեմ հավատում»:
Ու՞մ հրամայել, ու՞մից պահանջել, ու՞մ պարտադրել, այս կառավարությա՞նը, երբ այս կառավարությունն ի զորու չէ և չի էլ ուզում ինչ որ բան փոխել: Նա, ինքն անձամբ չի հավատում, որ կարող է փոխել, ես ի՞նչպես հավատամ և ավելին, ի՞նչպես հավատացնեմ իմ զավակներին:
Մի քանի օրից Սեպտեմբերն է ու նոր ուսուցողական տարին ու նորից ուղեղի լվացում ու նորից ազգի նկատմամբ դեբիլիզացման դավադիր ծրագրի իրականացման աշխատանքներ ու նորից ամեն օր աղերսող հայացքներ ու նորից ամեն օր հիասթափված ու կոտրված՝ կիսաքաղց դեմքեր: Հա, բա ՏԻՄ ընտրություննե՞րը, լավ էլի, չեմ էլ ուզում նույնիսկ դրա մասին հիշել, դա էլ «կոմեդի» ժանրից է: Ժա՞նր, բա էս իրական մղձավա՞նջը, սա ո՞ր ժանրից կլինի:
Ա~յ քեզ իրական մղձավա~նջ, ա~յ քեզ ժանր:
Մի վախեցեք սիրելիներս, հայրիկը ձեզ կպաշտպանի:
Չէ, էս մղձավանջից դուրս գալու մի կերպ կա, սառը ցնցուղ, հա, սառը՝ ինչպես հասարակական ինքնագիտակցումն ու ինքնակազմակեպումն է:
Մամիկոն Համբարյան