«Լռության» սիմֆոնիան (պանկ-ռոք)

Մեր ընդդիմադիրները սիրում են ներկայանալ՝ որպես աշխարհի ամենաժամանակակից, ամենաքաղաքակիրթ դեմքեր, Հայաստանում «լուսավորության կղզյակներ», և այլն, և այլն: Բայց այդ նույն ուժերը` սկսած «ռուսական ուղեծրի» ընդդիմադիրներից մինչև ամենաթունդ «արևմտամետներ», անհաղորդ են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և գրեթե չեն արձագանքում դրանց: Անգամ այն դեպքում, երբ  այդ իրադարձություններում ներգրավված է ողջ քաղաքակիրթ աշխարհը, որի շարքերը Հայաստանը ուզում են դասել մեր ընդդիմադիրները:

Նման մի իրադարձություն էլ աշխարհում տեղի է ունենում այսօր: Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել «Pussy Riot» խմբի անդամներ Մարիա Ալյոխինային, Նադեժդա Տոլոկոննիկովային և Եկատերինա Սամուցևիչին՝ Քրիստոս Փրկչի տաճարում «խուլիգանություն անելու համար»: Նրանց նկատմամբ պատժաչափերը դեռ չեն հրապարակվել, սպասվում է, որ դրանք հայտնի կդառնան դատավճիռն ընթերցելու ժամանակ: Այս պահին հայտնի է միայն, որ աղջիկների դեմ հարուցված քրեական գործի համապատասխան «Խուլիգանություն» հոդվածը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Ի՞նչ կապ ունի այս իրադարձությունը մեր ընդդիմադիր ուժերի հետ: Արդեն մեկ ամսից ավելի է՝ գրեթե ամեն օր, աշխարհի բոլոր ծայրերից, իրենց ժողովրդավարական համարող գրեթե բոլոր հասարակություններից՝ ի պաշտպանություն այս աղջիկների զորակցության կոչեր են հնչում, ամենատարբեր մակարդակի քաղաքական գործիչներ, մտավորականներ, շոու-բիզնեսի աստղեր այս քաղաքական հետապնդման համար դատապարտում են Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ազատ արձակել երիտասարդ աղջիկներին: Հայաստանյան որևէ մտավորական, որևէ քաղաքացիական շարժում, առավել ևս՝ որևէ քաղաքական գործիչ դեռևս ծպտուն չի հանել այս կապակցությամբ:

Խնդիրն ամենևին այս աղջիկների արարքի նկատմամբ համակրանք կամ հակակրանք ունենալը չէ, ոչ էլ` առավել ևս, նրանց «արվեստը» սիրելը կամ չսիրելը: Խնդիրն այն է, որ սա մի դատավարություն է, որն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի, և  որի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհը: Հենց այսօր աշխարհի 30 երկրներում անց են կացվելու բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն «Pussy Riot» խմբի աղջիկների:

Կարդացեք նաև

Որտե՞ղ են մեր ամենաազատական քաղաքական ուժերը, ինչո՞ւ դիրքորոշում չեն արտահայտում այս քաղաքական հետապնդման համար: Նրանց լռությունը ամառային հանգստի սեզոնով պայմանավորելն առնվազն միամտություն կլինի:

Հայաստանի անգամ ամենաարմատական, ամենաարևմտամետի համարում ունեցող ընդդիմադիր ուժերը չափազանց զգուշավոր են որևէ հարցի վերաբերյալ, որն առնչվում է Ռուսաստանի իշխանություններին: Իսկ դրա պատճառները շատ խորն են և ամենևին կապված չեն բազմադարյա հայ մշակույթի ու պանկ-ռոքի անհամատեղելիության հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս