
«Եթե չեք կարողանում պաշտպանել ձեր բնությունը և գյուղերը, մի’ խանգարեք նրանց, ովքեր պաշտպանում են»

«ԷկոԼուրը» դիմել է տեղական իշխանություններին` նրանց կոչ անելով չխանգարել նրանց, ովքեր պաշտպանում են բնությունն ու գյուղերը:
«Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի` «պաշտպանել Թեղուտը անտառահատումներից, թույլ չտալ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բաց եղանակով շահագործման հետևանքով շրջակա միջավայրի ոչնչացումը» կոչին անմիջապես արձագանքեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը: Նրանց դուր չի եկել Թեղուտի նախագծի դեմ ուղղված երաժշտի կոչը, նրանք ասում են, որ աշխատատեղերի կարիք ունեն, և որ Թեղուտի ծրագիրը տնտեսական աճ կապահովի: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ինչ է լինելու այն բանից հետո, երբ հանքավայրի պաշարները կսպառվեն: «Վալլեքս» ընկերությունը կգնա, նախարարները կգնան ավելի լավ երկրներ, որտեղ բանկային հաշիվներ ունեն: Իսկ Թեղուտը, որը վերածվել է բանվորական գյուղի, կդադարի գոյություն ունենալ: Հավատալու չէ, որ մարզպետը կամ գյուղապետը չեն ափսոսում սեփական բնությունը, անտառն ու ջուրը: Դիմում ենք ձեզ` տեղական իշխանություններին` եթե դուք չեք կարող պաշտպանել ձեր բնությունն ու գյուղերը, ապա մի խանգարեք նրանց, ովքեր պաշտպանում են»,- գրում են ԷկոԼուրի ներկայցուցիչները: