Բաժիններ՝

«Որոշ վայ-բնապահպանների թվում է, թե մենք ոչինչ չենք հասկանում»

Ասում է Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը

– Վերջերս ռոք-երգիչ Սերժ Թանկյանն ուղերձ էր հղել` ի պաշտպանություն Թեղուտի անտառի: Ի՞նչ կարծիքի եք համացանցում տարածված այդ տեսանյութի վերաբերյալ:

– Ես համոզված եմ, որ իրեն թյուր տեղեկատվություն է ներկայացվել, քանի որ Սերժ Թանկյանը Թեղուտում չի եղել: Չեմ ասում, որ հանքավայրը չի վնասում բնությանը: Վնասում է, համոզված եմ: Ընկերությունն էլ չի ժխտում, որ վնասում է: Բոլորս էլ համոզված ենք, որ վնասում է, բայց այդպես սարսափելի ներկայացնել չի կարելի: Անհրաժեշտ է, որ բոլորս միասին, նաև՝ բնապահպանները, արվեստագետները, հետամուտ լինենք, որ ամեն ինչ կատարվի բնապահպանական նորմերին համապատասխան:

– Բայց անտառահատման հետևանքով էկոհամակարգը խախտվելու է, չէ՞:

Կարդացեք նաև

– Էկոհամակարգը որոշակի չափով խախտվելու է, բայց հակառակ պարագայում էլ մենք մարդկային ռեսուրսներ ենք կորցնելու, այսինքն` արտագաղթ ենք ունենալու: Ունեինք, սակայն այսօր, փառք Աստծո, արտագաղթ չկա: Ծնունդների աճ կա ոչ միայն Թեղուտում, այլև հարակից համայնքներում: 780 բնակիչ կա գյուղում, «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատում է մինչև 175 հոգի: 23 հոգի աշխատում է դպրոցում, որտեղ սովորում է 72 աշակերտ: Վերջին 5-6 տարում ծնունդները բավականին ավելացել են, և աճի միտումը շարունակվում է: Ռեկորդային տարի էր 2010 թվականը` 21 ծնունդ ունեցանք: Եթե ամեն տարի այդքան ծնունդ ունենանք, դպրոցում 300 աշակերտ կլինի:

– Գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի: Ի՞նչ ծրագրեր կան դրանք լուծելու համար:

– Մեր այս տարվա բյուջեն մոտ 50 մլն դրամ է, ֆոնդային բյուջեում մնացորդային գումար էլ ունեինք`21 մլն դրամ, մնացածն էլ այս տարվա եկամուտներն են ու դոտացիան: Գումարը ծախսվում է գյուղապետարանի աշխատակազմի, մանկապարտեզի պահպանման համար: Այս տարվա ծրագրում նախատեսված է գյուղամիջյան 2 փողոցի բետոնապատում: Վերջին եռամսյակում է նախատեսված, բայց եթե եկամուտներն ավելի շուտ գան, կփոխենք երրորդ եռամսյակ`տաք եղանակի: Գազիֆիկացման համար նախատեսված գումար ունենք` մոտ 20 մլն դրամ, որը չենք ծախսում: Ծրագիր ունենք «ԻՖԱԴ» կազմակերպության հետ, հաստատվել է 2013 թվականի բյուջեով, հիմա բանակցում ենք, որ փոխենք 2012 թվականի բյուջեով, համայնքն էլ պետք է ներդրում անի 10 %-ի չափով: Ներքին գազիֆիկացման նախահաշիվը կազմում է 82 մլն դրամ, իսկ արտաքին գազատարը` 300 մլն դրամ: Կազմակերպությունը 50 %-ով է ֆինանսավորում, մյուս 50 %-ն էլ «Թեղուտ» ՓԲԸ-ն է ներդնելու: Այդ գազատարից իրենք էլ են օգտվելու, Շնող համայնքն էլ: Այժմ նախագծա-նախահաշվային աշխատանքներն ավարտված են: Շինարարությունը կսկսվի 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներից: Բայց, եթե ազատ գումարներ լինեն, ուզում ենք 2012 թվականի վերջին սկսել:

– Գյուղը նաև ջրի խնդիր ունի: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

– Ջրի խնդրով էլ ենք զբաղվում: Ստեփանավանից Նոյեմբերյան գնացող ջրագծից Շնողի մի մասն օգտվում է, իսկ մինչև այս տարվա վերջը ջրատարը հասնելու է նաև Թեղուտ: Բայց կա ներքին ցանցի խնդիր: Ջրաբաշխիչ ջրամբարը նորոգման կարիք ունի, ինչի համար ֆինանսական միջոցներ են պետք: Դրա համար «Հայջրմուղկոյուղու» հետ ենք պայմանավորվածություն ձեռք բերել: Մինչև 2016թ. վարկային ծրագիր կա Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, և մեր համայնքն ընդգրկված է այդ ծրագրում, սակայն դեռ պարզ չէ, թե մեր համայնքը որ տարվա համար կֆինանսավորվի: Դա նորմալ որակի խմելու ջուր է, որը կբավարարի համայնքին: Մինչև հիմա ջրամատակարարումը մեր համայնքում, լավ թե վատ, եղել է անվճար: Բայց եթե հիմա «Հայջրմուղկոյուղին» մատակարարի, կդառնա վճարովի, ջրաչափերով:

– Իսկ ի՞նչ մակարդակի վրա է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը գյուղում:

– Գյուղատնտեսությամբ շատ քիչ են զբաղվում. սեփականաշնորհված հողերում՝ ամենաշատը 15-20 ընտանիք, անասնապահությամբ` 10-12 ընտանիք: Հիմնականում տնամերձ հողամասերն են մշակում: Ճիշտն ասած` մենք լավ հողեր չունենք, մեծ մասը չի ոռոգվում, հողերի կատեգորիան շատ ցածր է: Լավագույն դեպքում՝ 5-րդ, 4-րդ կարգի վարելահողեր են, որոնք մեծ թեքությունների վրա են, դժվար մշակելի, վատ արդյունք են տալիս, ըստ երևույթին, դա է պատճառը, որ մարդիկ սրտով չեն մշակում հողը: Վերջին 4-5 տարիներին խոտհարքների վիճակը վատ էր, չէր հնձվել, թփակալել էր: Այս տարի առաջընթաց կա, «Թեղուտ» ՓԲԸ-ն սար տանող ճանապարհը վերանորոգեց, հիմա շատ ինտենսիվ ձևով հնձում են: Հիմնական խոտհարքները` 153 հա, սարերում են, արդեն մեծ մասը հնձվել է: Այդ խոտհարքները հիմնականում գյուղին են սպասարկում, թեև կան նաև Շնողից մի քանի օգտվողներ, ովքեր սեփականատերերից վարձակալել են: Պահուստային հողերը հիմնականում հնձում են գյուղացիները:

– Չե՞ք կարծում, որ այդպես գյուղը կորցնում է իր նշանակությունը:

– Ճիշտն ասած` սկզբում այդպես էի մտածում: 2005 թվականից սկսած անասնագլխաքանակն անընդհատ նվազում էր, իսկ անցած տարվանից սկսեց գլխաքանակն ավելանալ: Մարդիկ հասկացան, որ գյուղացին միայն աշխատավարձով չի կարող ապրել: Հիմա այդ աշխատողներն անասուններ են գնում: Մարդիկ կան, որ 10 կթու կով են պահում: Աճի որոշակի միտում կա, և, կարծում եմ, որ հողագործությունն էլ կզարգանա, քանի որ ընկերությունը կողքին պատրաստի շուկա է: Եթե նորմալ հող ունենան՝ կմշակեն, քանի որ արտադրանքը տեղում վաճառվում է:

– Մթնոլորտում փոշու մեծ շերտ կա: Ինչպե՞ս են մարդիկ ապրում նման պայմաններում:

– Փոշու խնդիր կա, մենք էլ ենք փոշու դեմ բողոքում: Ընկերությունը խոստանում է կանխել` առայժմ ջրցան մեքենաներով: Խոստացել են 2 տարվա մեջ Թեղուտ եկող ճանապարհն ասֆալտապատել, մեկ էլ` գյուղի դիմացով անցնող շրջանցիկ ճանապարհը: Իսկ հանքավայրի ճանապարհը չեն ասֆալտապատում, պետք է գրունտային մնա, քանի որ ծանր տեխնիկա է աշխատում, ասֆալտ չի դիմանում դրա տակ, բայց խոստացել են ջրցան մեքենաներով ինտենսիվ ջրել, որ փոշու արտանետում չլինի, չնայած այս տարի, իրոք, փոշու խնդիրը բավականին լուրջ է: Երևի դեռևս ուսումնասիրություն չեն արել, որ պարզեն, թե ինչքան է գերազանցում թույլատրելի նորմը: Պարզապես այս ամռանն ավելի շոգ է ու երաշտ, դրանից է: Եթե անձրևային է լինում տարին, բնականաբար, այդքան շատ փոշու արտանետում չի լինում: Անցյալ տարի այդքան շատ չէր, բայց էլի կար:

– Իսկ խոստումներն արդյո՞ք կատարվում են ժամանակին:

– Ինչ վերաբերում է համայնքում կատարվող աշխատանքների համար ներդրում կատարելուն, անում են: Բայց վերջերս եղել են խոստումներ, որ չեն կատարվել` աշխատատեղերի հետ կապված: Մարդիկ կան, որ դեռ աշխատանք չունեն, մի մասին ապահովել են աշխատանքով, մյուս մասն էլ` դեռ սպասում է:

– Որտե՞ղ եք պատկերացնում Ձեր և Ձեր երեխաների ապագան:

– Ես ապրելու եմ գյուղում իմ երեխայի հետ, գյուղից չեմ գնալու: Գուցե դրսում թվում է, թե մենք ոչինչ չենք հասկանում, համենայն դեպս` որոշ վայ-բնապահպանների այդպես է թվում: Այդպես չէ. առաջինը մենք հետամուտ կլինենք և կպահանջենք ընկերությունից, որ բոլոր բնապահպանական նորմերը պահպանվեն: Այնպես չէ, որ մեզ վնաս կպատճառեն, ու մենք «սուս արած» կմնանք: Այդպես չի՛ լինելու: Հակառակ պարագայում` եթե հանքը չշահագործվեր, մենք Թեղուտի տեղում կունենայինք կիսադատարկ, ծերերով բնակեցված մի գյուղ:

– Այս պարագայում ինքա՞ն կգոյատևի գյուղը:

– Ինձ թվում է` գյուղը միշտ կլինի: Թեղուտում կան 3000 տարվա պատմություն ունեցող դամբարաններ, գերերզմաններ: Կան նաև պղնձագործական, բրոնզագործական ինչ-որ զարդեր, նյութեր, պարագաներ, այսինքն` հանքարդյունահանում եղել է նաև 3000 տարի առաջ, բնական է` այն ժամանակվա մասշտաբներով: Հիմա նոր մասշտաբներով, բնականաբար, ավելի ինտենսիվ կհանվի: Բոլոր դեպքերում, ես տեսանելի ապագայում Թեղուտի կորուստ չեմ տեսնում: Մենք միշտ կանգնած ենք լինելու մեր համայնքի համար, թեկուզ հանքավայրի պաշարները վերջանան: Ենթադրենք՝ վերջացավ, ի՞նչ խնդիր կա, որ մարդիկ շարունակեն ապրել այդտեղ: Ապրել են, չէ՞, հազարավոր տարիներ՝ առանց հանքավայրի: Ճառագայթում, որպես այդպիսին, չկա, մուտացման խնդիր չկա: Անցած տարի անցկացվել է մոնիտորինգ, 3 ամսով սարքավորումներ տեղադրեցին, ռադիացիոն ֆոնը Երևանից բավականին ցածր է, այն դեպքում, որ արդեն հանքավայրի մակաբացման շերտը հանված է: Բուն հանքավայրի արտաքին շերտը բացված է, եթե ռադիացիոն ճառագայթում լիներ, կարտահայտվեր: Խնդիր կարող է լինել միայն փոշոտ, ծանր մետաղների տարածման հետևանքով, չնայած հանքավայրը սանիտարական գոտով առանձնացված է համայնքից, բայց բոլոր դեպքերում՝ դրա տարածումը, որքան հնարավոր է, պետք է կանխվի, քանի որ այն կարող է գյուղատնտեսական մթերքների վրա արդեն որակական ազդեցություն ունենալ: Ջրերի աղտոտման խնդիր էլ չեմ տեսնում, քանի որ լավ ծանոթ եմ նախագծին էլ, կատարվող աշխատանքներին էլ: Կան ջրահեռացման համակարգեր, շրջանառու ցիկլ է լինելու, ջրի աղտոտման խնդիր չեմ տեսնում: Ամենամեծ խնդիրը, իմ սուբյեկտիվ կարծիքով, առանց գիտական հիմնավորման, ինչպես նշեցի, կարող է լինել փոշու, ծանր մետաղների արտանետումը: Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին հանքավայրն է:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս