Բաժիններ՝

«Դատարկ խոսքերով հերիք է ժողովրդին խաբեն»

Օգոստոսի 11-ին ՀՀ գյուղնախարարության պաշտոնական կայքէջում տեղեկատվություն էր տեղադրվել նախարար Սերգո Կարապետյանի և վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման մասին: Ըստ այդ տեղեկատվության՝ հանդիպման ընթացքում քննարկվել էին այս գյուղատնտեսական տարվա ընթացքում ունեցած բերքի առատության և դրանց չիրացման խնդիրների մասին հարցերը:

Ս. Կարապետյանն ասել էր, թե տարին բարենպաստ էր գյուղատնտեսության համար, սակայն, դրա հետ մեկտեղ, առկա է աճեցված բերքի մթերման խնդիրը:

Հիշեցնենք, որ 168.am-ը վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում է գյուղացու խնդիրներին, մասնավորապես՝ նրան, որ գյուղացին չի կարողանում իր բերքն իրացնել, բերքի զգալի կորուստներ է ունենում:

Այս խնդրի շուրջ մենք զրուցել ենք նաև ՀՀ գյուղնախարարության տարբեր պաշտոնյաների հետ: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ վերջերս 168.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով մթերման խնդրին, պնդում էր, թե գյուղմթերքն ամբողջությամբ կիրացվի:

Կարդացեք նաև

Ռ. Մակարյանը նաև հայտարարում էր, թե գյուղացին իր մթերքը կարող է հանձնել վերամշակող ընկերություններին, մինչդեռ գյուղացիները մեզ հետ զրույցներում վստահեցնում էին, որ իրենց բերքը չի մթերվում:

Ռ. Մակարյանի այս հավաստիացումների ֆոնին բավական ուշագրավ էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝  վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որը տեղադրված է նախարարության կայքէջում. «Ցավոք, մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են:  Նման պայմաններում դեղձի և լոլիկի  մթերումների  հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է  մի  քանի  ընկերության վրա: Դա  լուրջ  մտահոգությունների  առիթ է:  Այսօր, երբ մենք  փորձում ենք, ըստ ամենայնի, կանգնել գյուղացու  կողքին, ստանձնած պարտավորությունների  կատարումն ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանություններն անհիմն են: Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ»:

Այս ամենից կարելի է ընդամենը մեկ եզրակացություն անել. գյուղատնտեսության փոխնախարարը, նախարարության աշխատակազմը հայտարարություններ անելիս՝ տեղյակ չի լինում նախարարության ոլորտի խնդիրներից: Հակառակ դեպքում՝ նրանք ոչ թե կպնդեին, թե գյուղմթերքի զգալի չափերի մթերում է իրականացվում, կամ՝ որոշ գործարաններ ֆինանսական խնդիրներից ելնելով՝ մի փոքր ուշ կսկսեն բերքի մթերումը, այլ ազնվորեն կտեղեկացնեին գյուղացիներին, որ կան մթերող կազմակերպություններ, որոնք ձախողել են նախապես Գյուղնախարարության հետ գյուղմթերքի մթերման պայմանավորվածությունը:

Ինչևէ, առաջացած մթերման խնդիրների շուրջ այսօր 168.am-ը զրուցեց նաև «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Գյուղնախարարությունը միայն գյուղատնտեսական տարվա ավարտին խոստովանում, որ մթերումն ամբողջությամբ չի իրականացվում, պարոն Սեդրակյանը պատասխանեց. «Եթե խոստանում ես, ապա պետք է տեր լինես քո խոսքին, եթե՝ չէ, ապա ավելորդ բաներ պետք չի խոստանալ: Ասա՝ ես չեմ զբաղվում իրացման խնդրով, ինձ հետ գործ չունեք, սիրելի գյուղացիներ: Ասա՝ ես գյուղնախարար եմ անունով, թղթերի վրա, ես իրացնելու հետ կապ չունեմ, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում: Ես ուղղակի սիրուն կաբինետ ունեմ, մի  քանի աշխատողներ ունեմ, գնամ՝ նստեմ իմ կաբինետում,  մի քանի միջազգային կառույցների ղեկավարների ընդունեմ- ճանապարհեմ, և այլն: Բայց, երբ գյուղնախարարը հայտարարում է, որ մի գրամ գյուղմթերք չի մնա առանց մթերման, դա սխալ է: Անցած տարի մենք կաղամբի մթերման համար աղմուկ բարձրացրինք, այս տարի՝ կարտոֆիլի: Բացարձակ ոչ մի բան չփոխվեց: Հիմա գյուղացիները դեղձն են թափում, լոլիկն են թափում, չեն կարողանում  իրացնել: Դատարկ խոսքերով հերիք ա ժողովրդին խաբեն: Ժողովուրդը հոգնել ա»:

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս