«Ընտրությունները պետք է դադարեն լինել կազմակերպված հանցագործություն»

«Գիտեք` հատուկ վերաբերմունք չունեմ` հանրապետության շուրջ 800 համայքներում ընտրություններ են լինելու, և, բնական է,  ոստիկանությունը պետք է հասարակական կարգին և մթնոլորտին հետևելու ինչ-որ նախաձեռնություն ունենա»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` պատասխանելով հարցին, թե նա ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀ ոստիկանության նախաձեռնության մասին` սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծելու համակարգող խումբ: «Խնդիրն այլ է. այս տեսակ նախաձեռնությունները սովորաբար մնում են թղթի վրա: Խոսքս վերաբերում է ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ապօրինություններին:

Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացու համար գաղտնիք չէ, որ, ասենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամբողջ երկրով մեկ, մի քանի ուժերի կողմից, համատարած ընտրակաշառք է բաժանվել, բայց եզակի դեպքեր եղան, որ պատասխանատվության ինչ-որ փուլ մտան: Հիշո՞ւմ եք` ընտրություններից առաջ ՀՀ նախագահը նաև հրավիրեց հանրապետության գլխավոր դատախազին և հանձնարարականներ տվեց: Հետո՞»:

Անդրադառնալով Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` Աղվան Վարդանյանը նշեց.  «Մենք ունենք Թալին քաղաքի վերջին փորձը: Ով ուշադիր հետևել է, ապա, անշուշտ, տեսել է, թե այնտեղ ներքին ինչպիսի պայքար կար հենց բուն հանրապետականների միջև: Այդ ընտրությունների ժամանակ, ականատեսների վկայությամբ, ընտրակաշառքի չափը հասել է 25, 30, 35 հազարի, Անապատում չենք ապրում. մարդիկ տեսել ու ասում են: Ո՞րն է սրա նպատակը: Տեղական ինքնակառավարումը, համայնքի ղեկավարումն ընդհանրապես պետք է մեկ նպատակ ունենա` համայնքի բարեկեցությունը, ընդհանուր վիճակի բարելավումը և այլն: Համայնքի ղեկավարը պետք է լինի մարդ, ով որոշակի գիտելիքներ ունի և կարողանում է իր համայնքում նորմալ ծրագրեր և գործառույթներ իրականացնել: Բայց մեզ մոտ համայնքապետերի ինստիտուտը` առնվազն 99 տոկոսով, վերածվել է ընտրական համակարգի. համայնքապետերին ընտրում և պահում են միայն նրա համար, որ նրանք հետագայում կարողանան ձայներ ապահովել այս կամ այն կուսակցությանը:

Տեսեք` ամբողջ հանրապետությունը լցվել էր Թալին: Ի վերջո, մի փոքր քաղաք, Հայաստանի ամենաանմխիթար վիճակում գտնվող քաղաքներից մեկը (ընդամենը 3200 ընտրող է մասնակցել), և այսպիսի մեծ իրարանցում ու պայքար` կհաղթի մարզպե՞տը, թե՞ նախկին քաղաքապետը: Ես ուրախ կլինեմ, եթե վաղը Թալինում իսկապես մթնոլորտ փոխվի, աշխատատեղեր բացվեն, բայց այդպես չի լինելու: Այսպիսի փողեր ծախսելու պարագայում ընդամենը ինչ-որ մի չինովնիկի ինքնահաստատման ու իր ուժը ցույց տալու խնդիր է լուծվում: Հաջորդը` մեր համայքները դարձել են չափազանց կուսակցականացված: Ոչ մի լավ բան չկա, երբ համայքապետերի առնվազն 90 տոկոսը կուսակցականներ են: Համայնքապետը պետք է լինի մարդ, ով ապրում է իր գյուղի հոգսերով: Այնպես որ` ոստիկանության քայլը հատուկ վերաբերմունքի կարիք չունի: Ֆորմալ գործողություն է: Մենք գնահատում ենք իրականության հետ դրա հարաբերակցությունը: Թալինում խախտումների մասին խոսում էին ոչ միայն ընդդիմադիրները: Նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են. «Թալին քաղաքն ամենաանբարեկարգ և ծանր վիճակում է, լավ, ասենք` այս անգամ էլ ինչ-որ մեկին դարձրեցինք համայնքապետ, սրանից ի՞նչ կփոխվի»:

Մեր երկրի հիմնական պրոբլեմն այլ է` ընտրությունները` համապետական, թե համայնքային, պետք է դադարեն լինել կազմակերպված հանցագործություն: Այն ծավալի ընտրակաշառքը և հարկադրումները, որ լինում են մեր ընտրությունների ժամանակ, այլ անուն չունի, քան կազմակերպված հանցագործություն: Եթե ոստիկանությունն ու դատախազությունը չեն կարողանում այս կազմակերպված հանցագործության դեմ պայքարել, ուրեմն ամեն ինչ ձև է դառնում, և երկիրը չի կարող հեռանկար ունենալ, եթե չեն գործում իշխանության ձևավորման և փոփոխության սահմանադրական մեխանիզմները: Իսկ Հայաստանում դրանք չեն գործում»,- եզրափակեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

 


Տեսանյութեր

Լրահոս