Ջոն Հեֆերն. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հզորանում է

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը գնալով ուժեղանում է եւ ավելի արդյունավետ գործում: Այդ մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը` նշելով, որ հենց քաղաքացիական ակտիվությունն է «կենսական կարեւոր տարր հանդիսանում առողջ ժողովրդավարության զարգացման համար»:

«Համաձայն ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) գնահատականի,  Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում երկրորդ ուժեղագույնն է»,- ընդգծել է դեսպանը:

Նա նաեւ նշել է արդյունավետ անցկացված մի քանի նախաձեռնություններ, որոնք դրական փոփոխությունների հանգեցրին: Մասնավորապես, նա հիշատակել է Թռչկանի ջրվեժի նախաձեռնությունը, Մաշտոցի պուրակը, Փակ շուկան պահպանելու նախաձեռնությունը, ինչպես նաեւ «Հարսնաքար» ռեստորանի միջադեպի հետ կապված բողոքի ակցիան:

«Այնուամենայնիվ, շատ բան դեռ արված չէ: Խոչընդոտներից մեկը ոչ կառավարական կազմակերպությունների վրա տարածվող օրենսդրական սահմանափակումն է ծառայությունների համար վճարներ գանձելիս»,- նշել է Հեֆերնը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի   ոչ կառավարական կազմակերպությունները կարող են իրենց ծառայությունների համար վճարը գանձել ոչ առեւտրային հիմքով:

Կարդացեք նաև

Դեսպան Հեֆերնը նաեւ շնորհակալություն է հայտնել  «խիզախ հայերին, որոնք ամեն ինչ անում են դրական փոփոխություններ կատարելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս