«Հանք շահագործելը նապաստակ պահելու պես է նրանց համար»
Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների մասին 168.am-ը զրուցել է Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանի հետ
– Օրեր առաջ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփընի» ՓԲԸ-ն հասարակական լսում էր կազմակերպել , որին մասնակցում էր նաև Ձեր կազմակերպությունը: Նախ կասեք՝ ի՞նչ խնդիրների շուրջ էր քննարկումը:
– «Դինո գոլդ մայնինգ քամփընի» ընկերության վարչական գծով տնօրենի նախաձեռնությունն էր հասարակական լսում կազմակերպելը, որի նպատակն ավելի թափանցիկ աշխատաոճ դրսևորելն էր: Կարծում եմ՝ այն ինչ-որ չափով հաջողվեց: Դա նաև սոցիալական ցանցերում կազմակերպված քննարկումների արդյունք էր, որի ժամանակ մեղադրում էինք «Դինո գոլդին» ոչ թափանցիկ աշխատաոճի համար: Վարչական գծով տնօրենը ներկայացրեց ընկերության ծրագրերը՝ հիմնականում շեշտը դնելով հանքի բաց եղանակով շահագործման վրա, քանի որ ընկերության ղեկավարությունը ևս տեղյակ է, որ հասարակությունը ոչ միանշանակ կերպով է ընդունում դա: Քննարկմանը ներկայացվեցին բաց հանքի շահագործման միջազգային չափանիշներին համապատասխան տարբերակները:
– Այսինքն՝ ընկերության ղեկավարությունը փորձում էր հանդուրժողականության մթնոլո՞րտ ստեղծել:
– Վարչական գծով տնօրենի խոսքերը մեջերեմ, ով ասաց, թե իրենք դեմ են, որպեսզի բաց հանքը շահագործվի այնպես, ինչպես արվում է Հայաստանում: Նրանք՝ որպես օրինակ, նշում էին կանադական բաց հանքերի օրինակը: Ըստ նրա՝ եթե բնակչությունը դեմ լինի դրան, հանքը բաց եղանակով չի շահագործվի: Միևնույն ժամանակ վարչական գծով տնօրենը նշեց, թե բաց հանքը սոցիալապես շահավետ կլինի թե՛ բնակիչներին, թե՛ ընկերությանը, որը գերշահույթներ ստանալով՝ նոր աշխատատեղեր կբացի: Սակայն, ըստ իս, բաց հանքում ավելի քիչ թվով աշխատողներ են աշխատում, քան փակ հանքի դեպքում: Ես դեմ եմ, որ հանքը բաց եղանակով շահագործվի:
– Բաց հանքի դեպքում ի՞նչ վնասներ կկրի Կապանը:
– Բաց հանքի շահագործման ժամանակ լինում են պայթեցումներ, արտանետումներ օդային ավազան, փոշի: Ես դեռ չգիտեմ այնպիսի տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր լինի կանխել և՛ փոշին, և՛ աղմուկը: Եթե գտնվի իրենց նշած ֆանտաստիկ տարբերակը, ես կողմ կլինեմ դրան:
– Բայց միևնույն ժամանակ բաց հանք շահագործելը բավական մատչելի է ընկերության համար, այլ կերպ ասած՝ քիչ ծախսեր են ենթադրում:
– Հանք շահագործելը նապաստակ պահելու պես է իրենց համար: Միգուցե որոշ մարդկանց համոզեն, թե բաց հանքն օգտակար է: Ընկերության վարչական գծով տնօրենի ներկայացմամբ՝ 2013թ. շարունակվելու են լրացուցիչ հետազոտական աշխատանքները: Ըստ ոչ հաստատված տեղեկությունների՝ ընկերության որոնողական աշխատանքները շարունակվելու են նաև Առաջաձոր գյուղում:
– Դուք ամիսներ շարունակ պայքարում էիք նաև Լեռնաձոր համայնքի ուրանի հանքավայրի շահագործման դեմ: Այս օրերին, կարծես, աղմուկ չկա կամ թվացյալ լռություն է: Ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ:
– Այս պահի դրությամբ Լեռնաձորում աշխատանքներ չեն իրականացվում, բայց դա չի կարող հանգստացնել մեզ, քանի որ Կառավարությունը շատ անգամ պատասխանել է մեզ, թե հաշվի կառնի մեր դիրքորոշումը, բայց մենք մնում ենք այն կարծիքին, որ ուրանի հանքավայր շահագործելը շահավետ է նրանց համար:
– Իսկ ինչիպիսի՞ն է Քաջարան գյուղում իրավիճակը, որը Կառավարության որոշմամբ վարձակալության իրավունքով տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Ընկերությունը պատրաստվո՞ւմ է այն շահագործել:
– Այնտեղ այս պահի դրությամբ հանդարտվել են կրքերը: Գյուղացիների մեծ մասը դեմ է հանքի շահագործմանը: Մի քնաի անգամ գնացել եմ գյուղ, հանդիպել եմ գյուղացիներին՝ հետաքրքրվելով, թե իրականում իրենք դե՞մ են հանքի շահագործմանը, թե՞ ցանկանում են իրենց փոխահատուցվող գումարի չափը մեծացնել: Գյուղացիների պատասխանը կտրուկ էր, և նշում էին, որ ինչ գումար էլ իրենց տան, իրենք չեն պատրաստվում հրաժարվել իրենց գյուղից: Մյուս կողմից՝ ընկերության աշխատակիցների վրա, ովքեր ապրում են գյուղում, կան ճնշումներ, որպեսզի դեմ չարտահայտվեն գյուղը՝ որպես հանքավայր շահագործելուն: Նրանց նաև սպառնում են: Գյուղացիներն էլ հայտարարել են, որ եթե մեկ գյուղացու ազատեն աշխատանքից, իրենք մեկ մարդու պես կհավաքվեն ընկերության վարչական շենքի դիմաց և բողոքի ցույց կկազմակերպեն:
– Իսկ նման դեպքեր եղե՞լ են:
– Ոչ, դեռևս նման դեպք չի եղել: Եղել է դեպք, երբ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, և ազատել են աշխատանքից այդ մարդուն:
– Ի վերջո, Սյունքիը հանքարդյունաբերության, այսպես ասած՝ կենտրոնն է: Տեղական հ/կ-ներն ի՞նչ ուժ ունեն մարզում: Ի՞նչ խնդիրներ եք կարողանում լուծել:
– Հանքարդյունաբերության զարգացման ոլորտում նման պայմաններով հանքերի շահագործանը դեմ եմ: Առաջին հերթին չկա պետական և հասարակական պատշաճ վերահսկողություն հանքարդյունաբերական ընկերությունների գործունեության ոլորտում: Եթե չկա պետական վերահսկողություն, հետևաբար՝ կա կոռուպցիոն բարձր ռիսկ: Եվ, բնականաբար, հանքարդյունաբերական ընկերությունները փորձելու են նվազագույնի հասցնել ծախսերը: Բնապահպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունն էժան հաճույք չէ: Այն պահանջում է ծախսեր, բայց քանի որ պետական վերահսկողություն չկա, գտնվում է բարձիթողի վիճակում: Երկրորդ հանգամանքն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ՝ ընդերքը պետության սեփականությունն է, ՀՀ բոլոր քաղաքացիների հարստությունը: Հանքարդյունաբերական ոլորտի նման տեմպերով շահագործումն առաջացնելու է պետական անվտանգության խնդիր: Մենք ունենք Դաստակերտի փորձը, որտեղ ժամանակին ապրում էր 10.000 բնակիչ, մինչդեռ հանքի շահագործումը դադարեցնելուց հետո այնտեղ ապրում է 200 բնակիչ: Կառավարությունը պետք է մշակի տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղեր՝ հիմնվելով հանքարդյունաբերության վրա: Մինչդեռ հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների 20%-ն է մուտք գործում պետական բյուջե, ինչը ծիծաղելի գումար է: Եթե ուշադրություն եք դարձրել, կնկատեք, որ ՀՀ հանքարդյունաբերական ընկերությունների մեծ մասը գրանցված է օֆշորային գոտում, ինչը նշանակում է, որ սեփականատերերի անուններն անհայտ են, նրանց գումարների ելքն ու մուտքը և այլն: Եվ միգուցե այդ հանքերի իրական սեփականատերերը ՀՀ ղեկավարությունի՞ց են, ինչպես, օրինակ վարչապետը, ՀՀ նախագահը, ՀՀ նախկին նախագահ, այլք, և որպեսզի իրենք չերևան, հանքերը գրանցում են մեկ այլ պետությունում: Դա նաև նպաստում է այլ պետությունների կողմից ներդրումներ կատարելուն, ինչը ցույց են տալիս: Սակայն դա իմիտացիա է, որովհետև նրանք իրականում չեն ցանկանում ցույց տալ, որ այդ գումարները մտնում են իրենց գրպանները:
– Ուզում եք ասել՝ պետության առաջին դեմքերը պետական անվտանգության խնդի՞ր են առաջացնում:
– Այո՛, այս տարիների փորձը ցույց է տալիս, որ նրանք անտարբեր են: Կարծես այս հանրապետությունը նրանց համար չէ, այլ նրանք եկել են թալանելու այն: Դա տեսանելի է, երբ դիտարկում ենք արդյունաբերության ծավալների աննախադեպ աճը: Տարիներ առաջ ԶՊՄԿ-ի արտադրողականությունը 3մլն տոննա էր, հիմա այն դարձրել են 14-15մլն տոննա, և նպատակ ունեն արտադրողականությունը դարձնել 20-25 մլն տոննա: Բնապահպանական բալանսը պետք է պահվի, որովհետև կա նաև ընդերքի պաշարների սպառման խնդիր: Եթե այսօր չենք մշակում տնտեսության զարգացման այլ ճյուղեր, ապա 30 տարի հետո ի՞նչ է անելու ապագա սերունդը: Եվ բացի դա, մեր քաղաքացիներն ապրում են սոցիալական ծայրահեղ պայմաններում, և նրանք ունեն հանապազօրյա հաց վաստակելու խնդիր: Մարզում գործազրկության մակարդակը բարձր է: Իսկ երբ խնդիրները դնում ենք կողք կողքի, ապա տեսնում ենք, որ ընդերքօգտագործումից օգտվում են մի քանի անհատներ: Դա անընդունելի է, և կարծում եմ՝ հանքարդյունաբերությունը պետք է լինի պետության մենաշնորհը: Ես անձնական հակակրանք չունեմ ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի նկատմամբ, և չեմ ճանաչում նրան, բայց ինչո՞ւ պետք է նա կամ Սյունիքի մարզպետը, որ վերջերս վաճառեց իր հանքը, կամ թեկուզ Պողոս Պողոսյանը, ընդերքօգտագործման եկամուտները տրամաբանորեն չբաշխեն: Որպես քաղաքացի՝ ինձ հետաքրքրում է, որ մենք ապրենք ապահով: Եթե քաղաքացին շնչում է աղտոտված օդ, ապրում է աղտոտված միջավայրում, ապա գոնե պետք է հնարավորություն ունենա ապրել ապահով: Կարծում եմ՝ մեր խնդիրն առաջին հերթին բնապահպանության ոլորտում հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելն է, ինչպես նաև համագործակցելը տեղական հ/կ-ների հետ: Իսկ տեղական հ/կ-ները, ցավոք, չունեն նյութատեխնիկական բավարար բազա, որպեսզի , ասենք, այցելի ինչ-որ բնակավայր: Բնակիչները պետք է կապ ստեղծեն հ/կ-ների հետ, որպեսզի մենք էլ կարողանանք արագ արձագանքել նրանց բարձրացրած խնդիրներին: Այլ կերպ ասած՝ նրանց պետք է սովորեցնել պայքարի մեխանիզմները: