Գնաճի ռիսկը մեծանում է
Հայաստանում գնաճը տարվա վերջի դրությամբ կարող է գերազանցել թույլատրելի շեմը, եթե Ռուսաստանում առկա գնաճային ռիսկերն իրականություն դառնան։
Արժույթի հիմնադրամի կանխատեսումներով, տարվա վերջին գնաճը Ռուսաստանում կարող է գերազանցել երկրի ֆինանսական իշխանությունների նախանշած մակարդակը։ Ինչպես նշել է ԱՄՀ ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Օդդ Պեր Բրեկկը, գների աճը կարող է հասնել 6.5%-ի։ Ընդ որում, բարձր գնաճը կպահպանվի նաև հաջորդ տարի։ Ռուսաստանի ԿԲ փոխնախագահ Ալեքսեյ Ուլյուկաևը հուլիսին նույնպես ասել էր, որ գնաճային ռիսկերը մեծանում են։
Թե որքանով կազդեն ռուսաստանյան գնաճային զարգացումները Հայաստանի վրա, դժվար է ասել։ Նշենք միայն, որ ՀՀ-ն ՌԴ-ից մեծ քանակությամբ ապրանքներ է ներմուծում (առաջին հերթին՝ էներգակիրներ)։ Ռուսաստանից ներմուծումը կազմում է Հայաստանի ընդհանուր ներմուծման շուրջ մեկ քառորդը։ Հիշեցնենք նաև, որ նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Ֆինանսների նախարարության կանխատեսումներով՝ տարվա վերջում գնաճը կլինի 4%-ից փոքր-ինչ ներքև, եթե միջազգային զարգացումները կտրուկ փոփոխություններ չառաջացնեն: