
Սանդոյանը դեմ է սահմանափակումներին

Ֆինանսների նախկին նախարար, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը սխալ է համարում բանկային ավանդների տոկոսադրույքների սահմանափակումը ԿԲ-ի կողմից։
Նշենք, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը մշտական իրավունք կստանա սահմանափակել առևտրային բանկերի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը։ 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում նույնպես անհրաժեշտ չի նման քայլ (հաշվի առնելով, որ բանկերի միջև իսկական տոկոսադրույքային պայքար է սկսել ու մեկը մյուսից առաջ ընկնելով բարձրացնում են տոկոսադրույքը), տնտեսագետը պատասխանեց. «Ոչ մի դեպքում նման բան չի կարելի անել։ Ավելին՝ ներկայիս քաղաքացիական օրենսգիրքը վարկային տոկոսադրույքների սահմանափակում է ենթադրում, որից նույնպես անհրաժեշտ է հրաժարվել»։ Էդ. Սանդոյանը տոկոսադրույքների սահմանափակման անթույլատրելիությունը բացատրում է նրանով, որ դա նույնպիսի պրոբլեմներ կառաջացնի, ինչպես որ այլ ապրանքների և ծառայությունների գների սահմանափակումը: «ԿԲ-ն այլ գործիքներով (շուկայական) պետք է կարգավորի շուկան»,-168.am-ին փոխանցեց Էդ. Սանդոյանը։