«10.000 դոլար՝ հանուն մեր երկրի պատվի»

«Փոքր ժամանակ բակում քիչ էի խաղում. շատ էին ծաղրում: Ես ինձ չէի ճանաչում, մտածում էի, որ ես վատն եմ, բայց երբ սկսեցի հաճախել հատուկ դպրոց, այնտեղ տեսա ինձպեսներին, սկսեցի ճանաչել նաև ուրիշներին ու համեմատել: Հասկացա, որ չէ, իրենք այսպիսին են, ես՝ այսպիսին, և սկսեցի ճանաչել նաև ինձ: Երևի դա մնացել է ենթագիտակցությանս մեջ, որ եթե ես ուզում եմ իսկապես ճանաչել իմ ազգի գրականությունը, ապա պիտի ճանաչեմ ուրիշներինը և մերը համեմատեմ այլ ազգերի գրականության հետ»,- ասում է 27- ամյա Արմինե Ղազարյանը, ում գերագույն նպատակը կրթությունը Լոնդոնում շարունակելն է: Նա ընդունվել է աշխարհի 10 լավագույն բուհերից մեկի՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի համեմատական գրականության բաժինը, սակայն նպատակն իրագործելու համար նրան անհրաժեշտ է մոտ 10.000 դոլար:
Արմինեն ոսկե մեդալով ավարտել է Տեսողության խանգարում ունեցողների թիվ 14 հատուկ դպրոցը, կարմիր դիպլոմով՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան: Զուգահեռ սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրոսական ծրագրում: Մասնակցել է մի շարք մրցույթների, օլիմպիադաների, ծրագրերի, հաղթել ու պարգևների արժանացել: Լոնդոնի համալսարանական քոլեջ ընդունվելը նրա հերթական, բայց այս փուլում` ամենակարևորն է հաղթանակներից, ինչի հետ նա կապում է իր ապագան և իր հետագա ներդրումը հայ գրականության ու մշակույթի տարածման գործում: Ասում է, որ պատրաստվում է Լոնդոնում կազմակերպել սեմինարներ, կոնֆերանսներ հայ գրականության որոշ թեմաների մասին՝ համեմատելով տարբեր երկրների գրականությունների հետ: Երազում է թարգմանել հայ գրականությունն ու կարծում է, որ հիմա այդքան հասունացած չէ, որ թարգմանի, օրինակ, Բակունցի «Ալպիական մանուշակը»: Մեծ ցանկություն ունի, որ համալսարանում լինի համեմատական գրականության ամբիոն, ինչպես նաև՝ հաշմանդամների համար հատուկ գրասենյակ, որը կա արտերկրի բուհերում, և ուսանողների համար սովորելու պայմաններ է ապահովում: Այս ամենն անելու համար նա կարծում է, որ անհրաժեշտ է կրթությունը շարունակել արտերկրում: Թեև գիտակցում է, որ Լոնդոնում սովորելը թանկ հաճույք է, բայց հույս ունի, որ անհրաժեշտ գումարը կկարողանա հայթայթել: «Լույս» հիմնադրամն արդեն իսկ տրամադրում է ուսման վարձի և ապրուստի համար անհրաժեշտ գումարի կեսը, դիմել է նաև «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» (AGBU) հիմնադրամին: Սակայն մնացած 10.000 դոլարը հավաքելու համար դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ առաջին տիկնոջը, ՀՀ վարչապետին, ԱԺ պատգամավորների ու գործարարների, «ԱրմենՏել», «ՎիվաՍելլ», «Օրանժ» բջջային օպերատորներին: «ՎիվաՍելլի» գրասենյակից արդեն մերժել են, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից նրան ասել են, որ շատ մեծ գումար է, և իրենք չեն կարող օգնել. «Գ. Ծառուկյանին դիմելիս սխալ եմ թույլ տվել՝ չնշելով, որ ինձ շատ մեծ գումար պետք չէ, գրել եմ, որ ցանկացած օգնության համար շնորհակալ կլինեմ, բայց  չեմ նշել, որ ինձ պակասում է մոտ 10.000 դոլար: Բայց, եթե տարբեր բարերարները քիչ-քիչ օգնեն, արդեն այդ գումարը կհավաքվի»,- ասում է Արմինեն՝ նշելով, որ ամբողջ գումարը մի անձից չի ակնկալում:
«Բնականաբար, ամեն մարդ ինչ անում է, իր համար է անում, բայց շատ կուզեի իսկապես գնալ Լոնդոն, որ աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկում իմանային, որ շատ վատ պայմաններում գտնվող Հայաստանն այն երկիրն է, այնպիսի պետություն, որտեղ միջին խավի ընտանիքի հաշմանդամ ուսանողը կարող է այնքան գիտելիք ունենալ, այնպիսի կրթություն, այնքան բան ստացած լինել աշխարհից  ու շրջապատից, որ արժանի լինի ու ընդունվի նմանատիպ լավ վարկանիշ ունեցող համալսարան: Ինձ թվում է, որ իմ երկրին է պատիվ բերում»,- ասում է նա:
Գայանե Լալայան

Տեսանյութեր

Լրահոս