Զինված հարձակում Գյումրիում (տեսանյութ)

Զինված ավազակային հարձակման դեպք է արձանագրվել Գյումրիում: Այսօր, գիշերը ժամը 04:00-ից 04:30-ի սահմաններում դիմակավորված երկու անհայտ անձ Վազգեն Սարգսյան 6 շենքի 1-ին բնակարանի բաց փեղկից ապօրինի մուտք են գործել 1953 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Հովհաննիսյանի բնակարան: Ինչպես հայտնում է «Գալա TV»-ին, Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը փոխանցել է, որ բնակչուհու ունեցվածքն ու գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված անձինք արթնացրել են Ջուլիետա Հովհաննիսյանին, ննջասենյակից տեղափոխել հյուրասենյակ, կպչուն ժապավենով կապել են բազկաթոռին, դանակի գործադրմամբ նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել են ասել ունեցած գումարի և ոսկյա զարդերի տեղը, այնուհետ հափշտակելով տանտիրուհուն պատկանող զարդերը, մի քանի շիշ խմիչք ու քաղցրավենիք, հեռացել են: Ըստ քննիչի, փաստի առթիվ ՀՀ ՔՕ 175 հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 2-րդ , 3-րդ եւ 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Այս պահի դրությամբ կասկածյալներ չկան: Նկարահանումների ժամանակ, հարևանները լրագրողներին փոխանցել են, որ Ջուլիետա Հովհաննիսյանին կեսօրին ոստիկանները տարել են դատաբժշկական փորձաքննության: Հարևանները պատմել են նաեւ, որ Ջուլիետա Հովհաննիսյանը միայնակ է բնակվում, աշխատում է Գյումրու հարկային տեսչությունում` որպես ավագ մասնագետ: Կատարվածը նրանք աննախադեպ են որակել, թաղամասում, ըստ նրանց սա ավազակային հարձակման առաջին դեպքն է:

Տեսանյութեր

Լրահոս