Իրանական կողմը համաձայնել է ձերբակալված ադրբեջանցիների հետ նրանց հարազատների հանդիպմանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հաղորդել է, թե Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությանը հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել, որ Իրանում ձերբակալված ադրբեջանցի գրականագետներ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի ընտանիքի անդամները հանդիպեն նրանց հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Ալի Ալիզադեն երկու անգամ (հուլիսի 15-ին և 17-ին) հանդիպել է իրանցի նահանգապետի հետ և ստացել այդ հանդիպման վերաբերյալ Թեհրանի համաձայնությունը: Աբդուլաևը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ իրանական կողմը դեռ չի հայտնել, թե ինչում են մեղադրվում Ադրբեջանի քաղաքացիները:
Աբդուլաևը նաև չի նշել, թե որտեղ և երբ է տեղի ունենալու ձերբակալվածների ու նրանց հարազատների հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներն Իրանում ձերբակալվել են մայիսի 2-ին, ինչից հետո Ադրբեջանը 5 նոտա է հղել Իրանին: Իրանական լրատվամիջոցները պնդում են, թե Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մահապատիժ: