Գերմանացի ակտիվիստը խնդրում է ստորագրել Ցեղասպանության ճանաչման իր դիմումի տակ

Գերմանացի քաղաքացիական ակտիվիստ Ենս Մ-ն խնդրում է ստորագրել Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր բողոքի դիմումի տակ, որը տեղադրված է avaaz.org` քաղաքացիական հայտարարությունների միջազգային բաց հարթակի կայքում.

«Քաղաքացիներին ուղղված 2012թ. հուլիսի 3-ի իր դիմումում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր այն մասին, որ հայերի եւ արամեացիների  ցեղասպանության մասին օրինագիծն աջակցություն չի ստանա, քանի որ  1915-16 թթ. «իրադարձությունները»  Հայաստանի եւ Թուրքիայի ներքին գործն են:  Նման հայտարարությունը 2005 թ. Բունդեսթագի որոշումից հետընթաց է, որով միաձայն ընդունվել էր այդ իրադարձություններում Գերմանական կայսրության դերը:

Ինչո՞ւ է Գերմանիայի համար կարեւոր ճանաչել ցեղասպանությունը: Ի՞նչ ընդհանուր բան կա դրա հետ:

Գերմանիան մյուսներից ավելի լավ գիտի, թե ցեղասպանությունը ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ զոհերի եւ հանցագործների համար: Ավելի վատ է, երբ Ցեղասպանություն իրականացնողները տասնամյակներ շարունակ հրապարակավ մերժում են դա, իսկ զոհերին «խաբեբաներ» են համարում: Ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է: Հանցագործությունն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մեղավորն ընդունում  է հանցանքը:

Առաջին համաշխարհայինի ընթացքում երիտթուրքերի կառավարությունը սիստեմատիկաբար ոչնչացրել է հայերին եւ քրիստոնյա մյուս ժողովուրդներին: Դա անվիճելի փաստ է: Գերմանական կայսրության մասնակցությունը ցեղասպանությանն ապացուցված փաստ է. գերմանացի զինվորականները պատասխանատու են այդ ջարդերի համար:

Գերմանացի մոտ 800 սպաներ են  եղել թուրքական բանակի կազմում, գտնվելով նրա հրամանատարության ներքո: Գերմանացի սպաները ստորագրել են տեղահանումների մասին կարգադրությունները: Նրանց  թվում է եղել օբեր -լեյտենանտ Սիլվեսթր Բետրիխը, ով ստորագրել է հազարավոր հայերի տեղահանման եւ ոչնչացման մասին կարգադրությունները, պրուսացի գեներալ-մայոր Ֆրիդրիխ Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը, պրուսացի գեներալ Կոլմար Ֆայհեր ֆոն դեր Գոլցը, գնդապետ Օտտո ֆոն Ֆելդմանը, ում խորհրդով «որոշակի տարածք ազատագրվել է հայերից»:

Գերմանիան նաեւ ամեն ինչ է արել է Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հողորդագրություն խլացնելու համար: Գերմանացի ռազմական լրագրողներին արգելվել էր շոշափել «հայկական հարցը»:  Հիմա արդեն այդ մասին հնարավոր է ազատ արտահայտվել ցանկացած ձեւով: Գերմանիայում թուրքական համայնքը կարող է ազդել գերմանական դպրոցների ուսումնական ծրագրի վրա: 2005թ-ին Բրանդենբուրգ երկրամասի դպրոցների դասագրքերից հանվեց Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը` թուրք դիվանագետների կատաղի բողոքի արդյունքում: Սակայն այսօր Բրանդենբուրգը միակ դաշնային հողն է, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին: Գերմանիայի մնացած մասում, հաշվի առնելով «հանցագործների ժառանգների» կարծիքը, «գերմանական» պատմության այս մասը լռության է մատնվում:

Այդ իսկ պատճառով մենք բողոքով դիմում ենք Գերմանիայի խորհրդարանին` պահանջելով, որպեսզի Գերմանիան ճանաչի իր պատասխանատվությունը Ցեղասպանության համար: Ես կոչ եմ անում Բունդեսթագին, որը դատապարտել է Հոլոքոստը, կրկին օրինակ ծառայել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Գերմանացի իմ համաքաղաքացիներին ես ասում եմ հետեւյալը. Ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր ընտանիքները սպանված, տանջահար եղած լինեին դեպի սիրիական անապատներ մահվան երթում: Ի՞նչ կանեիք դուք, եթե հանցագործների ժառանգները ձեզ անվանեին ստախոսներ միայն այն բանի համար, որ դուք ճանաչում եւ հատուցում եք պահանջում:

Ստորագրեք, խնդրում եմ, այս բողոքի տակ հանուն արդարության: Ստորագրեք, որպեսզի կասեցվի ցեղասպանության համար անպատժելիությունը»:

Տեսանյութեր

Լրահոս