Իրանական կողմի հետ քննարկվել է Արաքսի ջրի համատեղ օգտագործումը
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն, այսօր` հուլիսի 17-ին, ընդունել է Իրանի նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ բնապահապանության նախարար Ա. Հարությունյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը նշել է, թե վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գեւորգյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, եւ կարեւորեց նաեւ բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության եւ միջոցառումների իրականացումը:
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: ԻԻՀ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:
Հանդիպմանը քննարկվել են հարցեր` ԻԻՀ եւ ՀՀ ընդհանուր սահմանում Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:
Գեւորգյանը ողջունել է Բարեկամության եւ խաղաղության այգի հիմնելու գաղափարը: Այն բացի կենդանական եւ բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար: Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին, ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի` ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:
Անդրադարձ է կատարվել նաեւ ԻԻՀ-ում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին եւ այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը: ՀՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ «Սեւանա լճի բնապահպանական» ծրագրով Սեւանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, եւ իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: