Բաժիններ՝

Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ ժողովրդի մեջ հայտնի է Վարդավառ անունով: Տոնի մասին այսօր լրագրողների հետ խոսեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Հայր Շահե աբեղա Անանյանը: «Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը, որտեղ էլ նա պայծառակերպվում է, երևում է նրա ամբողջ հետագա փառքը: Այս տոնը Քրիստոսի հետ հաղորդակցվելու լավագույն տոներից է»,-նշեց նա:
Միաբանը հավելեց, որ տոնն ունի հեթանոսական հիմք` կապված Աստղիկ աստվածուհու և Վահագնի հետ: Սակայն մեր հոգևորականները տոնը մտցրել են նաև քրիստոնեական օրացույց. Գրիգոր Նարեկացին իր «Տաղ վարդավառի» ստեղծագործության մեջ տալիս է տոնի նկարագրությունը:
Վարդավառին, որը միշտ անցկացվում է կիրակի օրը, եկեղեցիներում պատարագիչը վարդաջուր է ցողում հավատացյալների վրա՝ այդ կերպ նրանց ևս հաղորդակից դարձնելով Աստծուն:
Հայր Շահեն նշեց նաև, որ այսօր մենք մի փոքր շեղվել ենք Վարդավառի բուն իմաստից. նա դեմ չէ, եթե դա կոչեն նաև սիրո տոն, սակայն մեր եկեղեցին ունի պաշտոնապես հռչակած սիրո տոն. «Սուրբ Սարգսի տոնը սիրահարներինն է, այդ օրը քահանաները օրհնում են սիրահարներին և երիտասարդներին»:
Վերջում նա հավելեց, որ ընդհանրապես տաղավար տոները կոչված են իրենց շուրջը համախմբելու մարդկանց, հնում պատարագից հետո խաղիկներ էին կատարում, կային տարբեր ժողովրդական ավանդույթներ, իսկ հիմա այդ ամենը վերանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս